09 11 2018

Իշխանության համար գլխավորը քրեական գործ հարուցելն է, մարդուն խայտառակ անելը. Գուրգեն Եղիազարյան

Իշխանության համար գլխավորը քրեական գործ հարուցելն է, մարդուն խայտառակ անելը. Գուրգեն Եղիազարյան

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը չի նստելու, նրա վերաբերյալ քննվող քրեական գործն արժանանալու է վերջին շրջանում հնչեղություն ստացած մյուս քրեական գործերի բախտին։ Այս մասին նոյեմբերի 9–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։

«Խաչատուրովը չի նստելու, որովհետև սրանց համար գլխավորը միայն քրեական գործ հարուցելն է, մարդուն խայտառակ անելը, անունը հանելը, հետո՝ բաց թողելը», - նշեց նա։

Եղիազարյանի խոսքով՝ իրականում Հայաստանը ՀԱՊԿ–ում կկորցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը, որն ըստ նրա՝  իշխանությունները շուտով կորակեն հաղթանակ, ինչպես դա արեցին Կապանի համայնքապետի ընտրություններից հետո։

«Կապանում, երբ ՔՊ–ի թեկնածուն պարտվեց, ասացին՝ դա  ժողովրդավարության հաղթանակն էր, նույնը ՀԱՊԿ–ի դեպքում են անելու, երբ Հայաստանի ներկայացուցիչը չանցնի»,– ասաց նա։

Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ ՀՀ նոր իշխանություններն ընտրովի արդարադատություն են իրականացնում. «Երբ ծանոթանում եմ, թե ինչեր են գրում Հովիկ Աբրահամյանի մասին, հասկանում եմ, որ նրա անձի հանդեպ պատվեր է իջեցված՝ կյանքի գնով էլ լինի, նա պետք է նստի: Ես Հովիկ Աբրահամյանին երեսուն տարուց ավելի՝ ճանաչում եմ: Նա դեռ կոմունիստների ժամանակ էր հարուստ մարդ: Նրա հարստությունն այսօր քննարկման ենթակա չէ: Ես մարդ գիտեմ, որն այսօր մուլտիմիլիարդեր է, մինչդեռ իննսունականներին պատռված կոշիկներով էր: Իսկ Հովիկ Աբրահամյանն այն գլխից էր հարուստ»,-վստահեցրեց Գուրգեն Եղիազարյանը:

Նա նշեց, որ դեռ ամիսներ առաջ է ասել, որ Աբրահամյանին ենթադրաբար պատկանող տարածքից գտնված զենքերը Մարտի մեկի հետ կապ չունեն. «Ասում էին, թե նրա տարածքից զենքեր են հանել, բայց դա սուտ էր, նա ուղիղ կապ չունի այդ տարածքի հետ: Քննությանը կարելի է հարց տալ՝ կարո՞ղ է իրենք են բերել-դրել այդ զենքերն այդտեղ»:

Նրա խոսքով՝ Հովիկ Աբրահամյանի անձին ցանկանում են անպայման ինչ-որ բան «կպցնել», մինչդեռ նոր իշխանությունների նման փորձերը, Եղիազարյանի խոսքով, ճղճիմ են: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ