ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել՝ Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի վերաբերյալ։
«Փաստորեն նոյեմբերի 8-ն էլ անցավ, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար չունեցավ: Մի բան է պարզ դառնում. Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետևողական զիջում է իր անվտանգության դիրքերը: Ավելին, բացահայտ նշվում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին է տրվելու: Սա Փաշինյանի կառավարության հերթական բացահայտ ձախողումն է:
Իսկ ի՞նչ է լինելու: Ասեմ՝ սեփական ձախողումը քողարկելու համար, կարծում եմ, մենք ականատես կլինենք, այսպես ասած, կոռուպցիայի դեմ պայքարի, նոր բացահայտումների կամ սևերի ու սպիտակների հերթական բաժանման:
Պարո՛ն վարչապետ, կոռուպցիայի ու ցանկացած ապօրինության դեմ էլի պայքարե՛ք, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի անվտանգության:
Հա, մեկ էլ մի բան՝ էդ նորմալ ու կիրթ տպավորություն թողած Ալիևը հերթական անգամ խոսել է ինչ-որ տարածքներ վերադարձնելու, Արցախը ադրբեջանական հող լինելու, Հայաստանից զիջումներ կորզելու մասին: Ես սպասում էի Ձեր արձագանքին, բայց Ձեր խրոխտ ու վճռական խոսքի փոխարեն ստացա լռություն: Մտահոգիչ է, եղբա՛յր:
Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը եղել և մնում է ՀՀ անվտանգության ամրապնդումն ու Արցախի հարցի արդար և հայանպաստ լուծումը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Աստանայում կայացավ ՀԱՊԿ գգաթնաժողովը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Նախատեսվում էր, որ պետք է որոշվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, սակայն ՌԴ նախագահի խոսնակը հայտարարեց, որ հարցը կվճռվի դեկտեմբերին։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էլ հայտարարեց, որ պետք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնա Բելառուսի ներկայացուցիչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը