«Հանրապետական» կուսակցությունը պետք է մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ, ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանը։
«Չեմ կարող ասել՝ ինչպես եմ գնահատում շանսերը, բայց գիտեմ, որ «Հանրապետականն» ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ։ Կարծում եմ, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել հետագա մեր զարգացումներում»,-նկատեց նա։
Անդրադառնալով հարցին՝ ինքը կամ իր որդին՝ Արման Բաբլոյանը, պատրաստվում են մասնակցել ընտրություններին՝ ԱԺ նախագահն արձագանքեց, որ ո՛չ ինքն է մասնակցելու, ո՛չ էլ իր որդին։«Ես չեմ մասնակցի ԱԺ ընտրություններին, որպեսզի ավելի երիտասարդները մասնակցեն: Վերադառնում եմ առողջապահության ոլորտ»,-ասաց Արա Բաբլոյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն վերափոխվի, Արա Բաբլոյանն արձագանքեց՝ ինչո՞ւ չէ. «Եթե ՀՀԿ-ն նախատեսել է գնալ բարեփոխումների կուսակցության ներսում, ապա ինչո՞ւ չէ: Ես անդամագրվեցի ՀՀԿ-ին 2012-ին և մտա կուսակցության միայն նրա համար, որովհետև կուսակցությունը պետք է գնար մոնոպոլիայի դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհով: Ես 1991-ից կառավարության անդամ եմ եղել, բայց ոչ կուսակցական, ես մտա ԱԺ ոչ թե դրա համար, որ որևէ պաշտոն ունենամ, կարծում եմ՝ դրանում դուք համոզվեցիք, այլ նրա համար, որ կարողանամ մասնակցել, ավելի ճիշտ ձևով ծրագրերն առաջ տանել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը