06 11 2018

Փոխարտգործնախարարը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ԵՄ-ի, Իրանի, Գերմանիայի դեսպանի մասին

Փոխարտգործնախարարը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ԵՄ-ի, Իրանի, Գերմանիայի դեսպանի մասին

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի շուրջ զարգացումներին. սա մեզ համար կենսական խնդիր է և մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների, նաև այլ գործընկերների հետ: Այս մասին նոյեմբերի 6-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը:

Նաիրա Զոհրաբյանը խնդրեց անդրադառնալ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ, որին ի պատասխան Կարեն Նազարյանն ասաց, որ Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների հարցը զգայուն թեմա է Հայաստանի համար:

Զոհրաբյանը հետաքրքրվեց` տարածաշրջանի երկրների կողմից համարժեք արձագանք կա՞, որովհետև քաղաքական վերլուծաբաններին մտահոգում է` եթե արձագանքը  ճշգրիտ չլինի, դա կարող է հանգեցնել Հայաստանի «կղզիացմանը»:  

Նազարյանի խոսքով` Հայաստանը մշտապես լիակատար աջակցություն է ցուցաբերել համատեղ գործողությունների, ծրագրերի իրականացմանը, որոնք կնքվել են  Իրանի և գործընկեր պետությունների հետ: «Մեզ համար կարևոր է, որպեսզի շարունակվեն բարիդրացիական հարաբերությունները մեր հարևան երկրի հետ: Այս առումով ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է իր կարևորագույն առաքելությունը, այն է `գործընկեր պետությունների հետ իրականացնում է թափանցիկ քննարկումներ` կարևորելով Հայաստան-Իրան հարաբերությունները մի կողմից,  մյուս գործընկեր պետությունների հետ հարաբերությունները`մյուս կողմից»,- ասաց նա:

Միքայել Մելքումյանը, նշեց, որ հայտնի է` Հայաստանը և Իրանը ապրանքափոխանակման պայմանագիր ունեն` գազ` էլեկտրաէներգիայի դիմաց: «Ադրբեջանը դադարեցրել է մոտ 2 մլրդ խորանարդ մետր գազի ձեռք բերումը Իրանից: Ի՞նչ եք կարծում, որո՞նք են այն ռիսկերը, որ կարող են վերաբերել այդ ապրանքափոխանակման պայմանագրին, այդ սանկցիաները կարո՞ղ են խանգարել դրան»,- հարցրեց պատգամավորը:

Նազարյանը պատասխանեց, որ այս պահին ուշադրությամբ հետևում են Իրանի ուղղությամբ զարգացող իրադարձություններին, մշտապես կապի մեջ են Իրանի գործընկերների հետ: « Լինելով փոքր երկիր` կարողանում ենք արտահանել մեր դրական փորձը: Մենք մշտապես հավատարիմ ենք եղել միջազգային պատժամիջոցների ռեժիմին, սակայն, մյուս կողմից, էական է, որ մեր գործընկերները առավելագույնս ընկալեն այն խոցելիությունը, որը բաժին է հասել Հայաստանին` որպես դեպի ծով չունեցող երկիր: Ես հույս ունեմ, որ բաց, թափանցիկ հարաբերությունների շնորհիվ վտանգ չի լինի մեր հարևան երկրներին»,- ասաց նա:

Մելքումյանն էլ հետաքրքրվեց Հայաստան-Իրան երկաթուղու ճակատագրով: «Մենք տարիներ շարունակ խոսում ենք Իրան-Հայաստան երկաթուղու մասին: Այսօր Ադրբեջանը կառուցում է երկաթուղի: Երբ կա «կղզիացման» վտանգ մեզ համար, առաջիկա 10 տարում Հայաստան-Իրան երկաթուղու պրոյեկտը հնարավո՞ր է սկսվի, թե՞ ոչ»,- հարցրեց նա:

Նազարյանը պատասխանեց, որ իր համար դժվար է կանխատեսել, թե երբ կկառուցվի երկաթուղին, սակայն, ըստ նրա, հարցը օրակարգային է: «Մեր փորձագետները գտնում են, որ կա կենսունակության խնդիր, պետք է ապավինենք մեր մասնագետների փորձառությանը և տեսակետներին»,- ասաց Նազարյանը:

Խոսելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին նա նշեց, որ գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտել է ժամանակավոր կիրարկման փուլ, սակայն, որպեսզի այն ամբողջությամբ կիրարկվի, պարտադիր պայման է, որ ԵՄ բոլոր երկրների կողմից այդ համաձայնագրի վավերացման կամ ուժի մեջ մտնելու ներպետական ընթացակարգերն ավարտին հասցվեն:

Նրա խոսքով, մինչ օրս ԵՄ երկրներից համաձայնագիրը վավերացրել են բալթյան 3 երկրները, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան Ռումինիան. «Կան մի շարք այլ երկրներ, որոնք մասամբ են իրականացրել իրենց ներպետական ընթացակարգերը, իսկ մոտ ժամանակերնս սպասվում է դրանք ամբողջական վավերացումը»:

Կարեն Նազարյանը նշեց, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստան-ԵՄ համաձայնագտրի կիրակումն ապահովող թարմացված միջգերատեսչական հանձնաժողովը փորձում է վերջնականացնել և  համաձայնագրից բխող միջոցառումների կիրարկման ճանապարհային քարտեզն ամփոփել, և ուղարկել ԵՄ կողմին՝ համատեղ քննարկելու, ավելի ուշ այն հաստատելու ակնկալիքով:

«Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացքը մտել է բավականին ինտենսիվ փուլ, այն կպահանջի մեծ ջանքեր բոլորիցս»,-ընդգծեց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանից հետաքրքրվեց, թե ԵՄ համաձայնագիրը արդյո՞ք վտանգ սպառնում է հայկական ավանդական ընտանիքին: 

«Մտահոգություն կա, որ եվրաինտեգրացիան կարող է վնասել մեր արժեհամակարգին, բացասական անդրադառնալ հայկական ավանդական ընտանիք հասկացողության, երեխաների դաստիարակության վրա: Երևի, տեղյակ եք՝ սոցցանցերում ակտիվ քննարկվում է այդ հարցը, մտավախություն կա, որ օրենքներ կընդունվեն, որոնք հարիր չեն հայ ժողովրդի արժեհամակարգին»,-ասաց նա:  Կարեն Նազարյանն էլ նշեց, որ պաշտոնապես եվրաինտեգրման քաղաքականություն չեն իրականացնում, խոսքը գնում է Եվրոպայի հետ ընդլայնված գործընկերություն իրականացնելու միտումների մասին:

«Ինչ վերաբերում է հայկական ավանդական ընտանեկան արժեքներին, պետք է ձեզ հավաստիացնեմ, որ այդ համաձայնագիրը որևէ սպառնալիք չի ներկայացնում մեր ավանդույթներին, արժեհամակարգին, հակառակը՝ պետք է վստահեցնեմ, որ ԵՄ-ն պատկառելի և մեծ հարգանքով է վերաբերում մեր ընտանեկան արժեքներին և այն արժեհամակարգին, որ դավանում ենք: Համաձայնագրում չկա որևէ ձևակերպում, որ կարող է խնդրահարույց համարվել»,-ասաց նա:  Ինչ վերաբերում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, ապա հաստատեց, որ ՀՀ-ն միացել է մշակույթի այդ ծրագրի բաղադրիչին: «Բայց ինձ համար դժվար է բոլոր հարցերին տալ սպառիչ պատասխան, մշակույթի նախարարի հետ խորհրդակցելու կարիք կա, խորհրդակցումից հետո գրավոր պատասխան կտանք»,-ասաց նա:

 ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց, արդյոք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածություն քննարկվելու է Աստանայում տեղի ունեցող գագաթնաժողովում, արդյոք Հայաստանը ներկայացնելու է թեկնածություն և եթե ներկայացվի այն որքանով է հավանական, որ կհաստատվի:

Կարեն Նազարյանն էլ ի պատասխան ասաց. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը որևէ կերպ կարգավորված չէ: Հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք ընթանում են: Ես չէի կանխատեսի նոյեմբերի 8-ի քննարկումները, դրանք փակ են լինելու»:

Անդրադառնալով հարցին՝ հնարավոր է Գերմանիայում Հայաստանի դեսպանը հետ կանչվի՝ պայմանավորված մաֆիայի հետ ունեցած հնարավոր կապի մասին գերմանական մամուլի հրապարակումներով Կարեն Նազարյանն ասաց, որ այդ հարցը չի քննարկվել. «Նման հարց չի քննարկվում: Դրանք պնդումներ են մամուլում, և չեմ կարծում, որ մենք պետք է որևէ հոդվածի առնչությամբ համապատասխան քայլեր ձեռնարկենք: Հարցը վերաբերում է շատ զգայուն ու նուրբ խնդիրներին, մասնավորապես մեր դիվանագիտական ներկայացուցչության գործունեությանը, նրա ղեկավարին, հեղինակությանը: Եվ ավելին այս փուլում չեմ կարող ասել: Սպասենք արդյունքներին »,- շեշտեց փոխարտգործնախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ