Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հրահանգել է հետ կանչել Ուգանդայում երկրի արտակարգ և լիազոր դեսպան Սեդեֆ Յավուզալփին, քանի որ վերջինս Թուրքիայի Հանրապետության հռչակման 95-ամյակին նվիրված միջոցառմանը կրել է հունական աստվածուհու զգեստ։ Այս մասին գրում է Regnum-ը։
Ինչպես հաղորդվում է, դեսպանատանը տեղի ունեցած տոնական միջոցառմանը դեսպանը հունական դիցաբանության գլխավոր աստված Զևսի դստեր՝ Հեղինեի հանդերձանքով է եղել, իսկ դեսպանության քարտուղարը Զևսի կերպարով է ներկայացել:
Թուրքական որոշ իշխանամետ լրատվամիջոցներ դեսպանի հանդերձանքը սկանդալային են անվանել, իսկ ընդդիմադիրները ծիծաղելի համարել նման ազգայնական մոտեցումն ու այդպիսի պատճառով դեսպանին հետ կանչելը։
Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուն իր հերթին թվիթերյան իր էջում հայտնել է անգամ, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը