02 11 2018

Փաստացի չհաստատեցիք վարչապետի հայտարարությունը. Աշոտյանը՝ Զոհրաբ Մնացականյանին

Փաստացի չհաստատեցիք վարչապետի հայտարարությունը. Աշոտյանը՝ Զոհրաբ Մնացականյանին

Նոյեմբերի 2-ին ԱԺ հանձնաժողովներում, որտեղ քննարկվում է 2019-ի պետբյուջեի նախագիծը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին հարցրեց.

«Երկրորդ անգամ այս 6 ամիսների ընթացքում Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ստացել է որպես ժառանգություն արցախյան հակամարտության այնպիսի մոտեցում, որտեղ տարածքները պետք է զիջել խաղաղության դիմաց: Ձեր գործընկեր Էդուարդ Նալբանդյանը դա հերքել է, որ վարչապետին ճիշտ չեն տեղեկացրել բանակցային գործընթացի նախապատմության մասին: Եթե կա նման բան, ո՞ւմ կողմից է առաջարկվել այդ բանաձեւը, ինչպիսի փաստաթղթավորում ունի այդ մոտեցումը, արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից դա փակ գաղտնի ծրար է, որը առաքվել է արցախյան հակամարտության կարգավորման համար»:

Նախարարի պաշտոնակատարը պատասխանեց.

«Մենք արտահայտել ենք ՀՀ-ի գերակայությունները ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Շեշտավորվում է խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման եւ ամրապնդման առկայությունը, շեշտավորվում է Ղարաբաղի անվտանգության եւ ստատուսի գերակայությունը եւ արտահայտված է այն մոտեցումը, որ ԼՂ-ն հակամարտության կարգավորման շրջանակում ունենա որոշիչ ձայն եւ ներգրավվածություն: Այս շրջանակի մեջ մենք տեղավորում ենք մեր աշխատանքը՝ խաղաղ գործընթացի առնչությամբ: Մեզ հաջողվեց շատ արագ ներգրավել գործընթացի մեջ, աշխատել ձևավորված ֆորմատով Մինսկի խմի համանախագահների հետ, նրանք եղան տարածաշրջանում: Մենք ընդգծում ենք այն, որ ԼՂ հակամարտությունը առաջին հերթին վերաբերվում է կոնկրետ մարդկանց անվտանգությանը, կոնկրետ 150 հազար մարդկանց ֆիզիկական անվտանգությանը; Սա մարդկանց վերաբերող խնդիր է և այդ կոնտեքստում է, որ առաջնային է դրվում ստատուսի հարցը: Մենք այս շրջանակում ենք ձևավորում մեր մոտեցումը բանակցային գործընթացում:

Մենք այս փուլում դեռևս չենք անդրադարձել բովանդակային բանակցություններին, բայց պարամետրերի մեջ քննարկումները շարունակվում են»:

Աշոտյանն արձագանքեց.

«Փաստացի չհաստատեցիք երեկվա վարչապետի հայտարարությունը»:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մնացականյանը անդրադարձավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին:

«Եթե որոշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու պետք է առաջադրենք, ապա բավարար ռեսուրս ունենք Հայաստանում, կարող ենք թեկնածու ունենալ, որը կկարողանա իրականացնել այդ գործառույթները»,- ասաց նա:

Նա տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ կայանալու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ ընթացակարգային հարցեր: Զոհրաբ Մնացականյանը չնշեց, թե ովքեր են պոտենցիալ թեկնածուները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ