30 10 2018

ԸՕ փոփոխության հարցը 3-րդ անգամ ԱԺ-ում չի քննարկվի

ԸՕ փոփոխության հարցը 3-րդ անգամ ԱԺ-ում չի քննարկվի

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 30-ին՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց, որ ժամանակի նպատակահարմարությունից ելնելով՝ ԸՕ փոփոխության հարցը երրորդ անգամ ԱԺ չի բերվի։

«Ժամանակի նպատակահարմարության առումով կարծում եմ, որ երրորդ անգամ ԸՕ փոփոխության հարցը չի բերվի խորհրդարան։ Այսինքն՝ մենք ընտրությունների կգնանք գործող ընտրական օրենսգրքով»,–նշեց նա։

ԲՀԿ պատգամավորը հայտնեց՝ որոշ քաղաքական ուժեր, որոնց կենսական շահերից էր բխում, որ նոր ԸՕ–ն ընտրվի, հանվի ռեյտինգային ընտրակարգը, նվազեցվի ընտրական շեմը, քանի որ նորով նախ շեմը իջեցվում էր 4 տոկոս և երկրորդ՝ չորրորդ ուժի համար սահմանվում էր ընդամենը առավելագույնը 2 տոկոսի շեմ, չօգտվեցին դրանից. «Սա ՀՀԿ–ի համար փրկօղակ էր, որն ուներ վստահության լրջագույն վակում։ Որոշ այլ ուժերի համար նույնպես փրկօղակ էր, քանի որ նրանք չունեն ռեյտինգային թեկնածու, հանրային մեծ վստահություն վայելող գործիչներ, որոնք կարող են ռեյտինգային՝ տարածքային ընտրացուցակով քվեներ բերել։ Թե ինչու այդ քաղաքական ուժերը գնացին քաղաքական ինքնասպանության, անկեղծ ասած առ այս պահը ինձ համար հասկանալի չէ։ Տպավորությունս մեկն է՝ սա ՀՀԿ–ի կողմից ուժի վերջին ցուցադրությունն էր»։

Հնարավո՞ր է նման սցենար ակնկալել ԱԺ–ում վարչապետի ընտրության հարցով քվեարկությանը։ Այս հարցին Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Տեսականորեն այս խորհրդարանում որեւէ բան բացառել հնարավոր չէ, բայց եթե մենք առաջնորդվում ենք սթափ քաղաքական տրամաբանությամբ, ապա անընդհատ գնալ քաղաքական սուիցիդի, ես դրա սադո–մազոխիստական նպատակահարմարությունը չեմ հասկանում։ Եթե քաղաքական ուժը սուիցիդալ հակումներ ունի, դա ոչ թե քաղաքական տրամաբանության, այլ պսիխոտրամաբանության ժանրից է»։

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ ապրիլյան ընտրություններից հետո մշտապես խոսել է, որ ռեյտինգային ընտրակարգն ուղղակի ապաքաղաքականացնում է ընտրությունները, որովհետև գործեց «ռեյտինգ հավասար է փող» բանաձևը։

«Եթե լիներ նոր ընտրական օրենսգիրքը, ապա վստահելիությունն ընտրական գործընթացի հանդեպ կլիներ բարձր։ Քանի որ այժմ չի լինելու փող, այս դեպքում կա որոշալի լավատեսություն, որ ռեյտինգը հավասար կլինի հանրային վստահություն, հանրային ճանաչելիություն, հանրային հարգանք»,–նշեց նա։

ԲՀԿ-ական պատգամավորը նաև նշեց․ «Մենք հասկանում ենք, որ առաջիկա խորհրդարանական  ընտրություններին աշխատելու է Նիկոլ Փաշինյանի էֆեկտը, բայց դա չի նշանակում, որ որեւէ քաղաքական ուժ չպետք է մասնակցի ընտրություններին»։

«Այս առումով, ԲՀԿ–ն այն եզակի քաղաքական ուժերից է, որ ունի բրենդային գործիչներ եւ մեզանից յուրաքնանչյուրը կարող է առաջադրվել ռեյթինգային ընտրակարգով եւ շահել որոշակի ձայներ։ Գնում ենք ընտրությունների, որտեղ բացառվելու է վարչական ռեսուրսը, փողը։ Որքան վստահության քվե կտա ժողովուրդը, դա մեր կլինի մեր արդար վստահության քվեն»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրելու մասին հարցին՝ Զոհրաբյանն ասաց․ «Փաշինյանը ճիշտ տարբերակ ընտրեց՝ երկրորդ անգամ առաջադրվելով վարչապետի թեկնածու։ Սահմանադրագետների միջեւ վեճ կար այն հարցի շուրջ, թե անհրաժեշտություն կա՞ վարչապետի թեկնածու առաջադրել առաջին եւ երկրորդ փուլերում, թե՞ ոչ։ Բայց քանի որ սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է «քվեարկություն» բառը, այսինքն՝ ենթադրվում էր առաջադրում, առաջին փուլում այդպես էր, երկրորդ փուլում կրկին սահմանադրագետները բաժանվել էին երկու հատվածի եւ գերակշռեց երկրորդ հատվածը, որը գտնում էր, որ պետք է առաջադրել, եւ այսօր 43 պատգամավորական ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանին առաջադրեցինք վարչապետի թեկնածու»։

Պատգամավորն ընդգծեց՝ ստորագրությունների մեծամասնությունը «Ծառուկյան» դաշինքն է ապահովել։

Զոհրաբյանի կարծիքով՝ հետագայում խնդիրներից խուսափելու համատեքստում առաջադրումը ճիշտ էր. «Ես ինքս զրուցել եմ սահմանադրագետների հետ, որոնք պնդում էին, որ ֆորմալ ընթացակարգի պահանջով առաջադրում անպայման լինի եւ որպեսզի հետագայում որեւէ մեկը չփորձի վիճարկել այս պրոցեսի լեգիտիմությունը եւ սահմանադրականությունը, ճիշտ տարբերակ ընտրեց Նիկոլ Փաշինյանը՝ 2-րդ անգամ առաջադրվելով վարչապետի թեկնածու»,–համոզմունք հայտնեց նա։

Զոհրաբյանը հավաստիացրեց նաեւ, որ «Ծառուկյան» դաշինքը, հավատարիմ մնալով ձեռքբերված պայմանավորվածությանը, չի քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին՝ «հնարավորություն տալով, որ ԱԺ–ն իրավունքի ուժով լուծարվի եւ միանա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամացույցը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ