ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին հոկտեմբերի 30-ին պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա նշեց, որ չնայած Հայաստանը մաս է կազմում GSP+ ին և ավելի քան 6000 հայկական ապրանք կարող է Եվրոպա արտահանել առանց մաքսատուրքի, սակայն այդ փաստը չի լուծում նրա մնացած խնդիրները:
«Մասնավորապես կուզեի խոսել սերտիֆիկացման կամ հավաստագրերի պահանջների, մասնավորապես սննդի որակի և անվտանգության պահանջների մասին: Իհարկե, մենք հասկանում ենք, որ պահանջմունքները բավականին խիստ են, որ հատկապես օրգանական գյուղմթերքի համար այդ պահանջներն ավելի խիստ են, քան սովորական ապրանքներինը, բայց մենք հանձն ենք առել աջակցել այս գործընթացին, և օգնելու ենք հայ գործարարներին անցնել այն»,- ասաց նա:
Սվիտալսկին նաև նկատեց, որ եվրոպական շուկան գրավիչ է, բայց այնտեղ մրցակցությունն է դժվար: «Դուք պետք է ձեր ապրանքը լավ գովազդեք, ձեր բրենդը ստեղծեք Եվրոպայում: Ես հավատում եմ, որ հայկական ապրանքները շատ հաջողակ կլինեն»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ իրենք օգնում են հայկական ապրանքներին հայտնվել այլ շուկաներում: «Օրինակ՝ մենք օգնել ենք, որ հայկական գյուղմթերքը մուտք գործի Արաբական ծովածոցի երկրներ: Եվ Դուք ունեք Եվրասիական տնտեսական միության համագործակցության շուկան, և ԵՄ-ը կօգնի հայ ֆերմերներին, որ այնտեղ ևս հաջողակ լինեն»,- ասաց նա:
ԵՄ դեսպանը նաև նշեց, որ հայկական ապրանքները Եվրոպայում տեսնելու իր ձգտման հիմքում ընկած է անձնական մոտիվացիան: «Մյուս տարի ես ավարտելու եմ իմ առաքելությունը այստեղ, վերադառնալու եմ Լեհաստան: Ես չեմ ցանկանա իմ ժամանակը ծախսել հայկական գինի, պանիր գտնելու վրա: Կցանկանայի, որ այդ ապրանքները ես գտնեի խանութներում: Այնքան մեծ կախվածություն ունեմ հայկական ապրանքներից, որ կցանկանայի, որ իմ վայրէջքը փափուկ լիներ: Ես չեմ թաքցնում, ես իրոք հետաքրքրված եմ, որ հայկական ապրանքները, գինիները կարողանան մուտք գործել և հաջողակ լինել եվրոպական շուկաներում»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունն օգտագործում է ԵՄ-ի հետ համագործակցության ամբողջ պոտենցիալը, Սվիտալսկին նշեց՝ հավատում է, որ նոր կառավարությունը քաջատեղյակ է և գնահատում է Եվրամիության հետ իր համագործակցությունը:
«Եվ ես վստահ եմ, որ նրանց առաջանահերթային նպատակներից մեկը պետք է լինի էլ ավելի արդյունավետ և հայ ժողովրդի համար ավելի շահեկան համագործակցությունը մեզ հետ: Մենք լիովին համաձայն ենք այդ մոտեցման հետ, և փորձում ենք ավելի օգտակար դարձնել մեր համագործակցությունը»,- ասաց նա: ԵՄ դեսպանը նկատեց, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը ոչ միայն փողի, ֆինանսների մասին է, այլ նաև՝ բիզնեսի զարգացման համար խթաններ առաջարկելու:
«ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի՝ ՀՀ-ի կողմից կիրառվելը կծառայի որպես այս ճանապարհի հիմք: Ես հավատում եմ, որ նոր կառավարությունը քաջատեղյակ է այս հնարավորությունից»,- ասաց նա:
Սվիտալսկու խոսքով՝ չնայած Հայաստանը պատրաստվում է արտահերթ ընտրություններին, սակայն իրենք շատ զբաղված են: «Շարունակում ենք մեր աշխատանքները նոր կառավարության հետ: Եվ ես վստահ եմ, որ Դուք շատ շուտով կտեսնեք նոր պայմանգրերի արդյունքները՝ նոր ֆինանսական պայմանագրեր, նոր համաձայնագրեր»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք առաջարկում են կառավարությանը շարունակել վերանայել նախկինում քննարկված ծրագրերը։
«Ես հասկանում եմ, որ ամառվա հուլիս-օգոստոս ամիսներին կառավարությունը շատ զբաղված էր: Կարող եմ ասել, որ 2018 թվականի գործողությունների ծրագիրը արտացոլում է նախորդ տարվանը: Նոր թիմը որոշակի նոր փոփոխություններ ներմուծեց, որոնք մեզ համար ընդունելի են: Մենք բավարարված ենք, քանի որ նոր Կառավարությունը ցուցաբերեց ճկունություն և պրագմատիզմ»,- ասաց նա՝ հավելելով, որ կառավարության հետ երկխոսություններ կան նաև 2019 թվականի գործողությունների վերաբերյալ:
Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ նոր կառավարությունը ԵՄ-ի հետ տնտեսական ծրագրեր իրականացնելու գործընթացում առաջնահերթությունները սահմանելու համար բավականին ընդարձակ մանյովրների սահմաններ էր գծել: «Մենք նաև առաջարկեցինք ՀՀ կառավարությանը վերանայել բյուջետային ծրագրերը: Սա, իհարկե, աննախադեպ էր, որովհետև մենք սովորաբար չենք դիմում նոր կառավարություններին նման գործողությունների համար, բայց մենք նաև հասկանում ենք, թե ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում:
Ստացել ենք նոր փաստաթղթեր կառավարության կողմից տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ, մենք գոհ ենք դրանցից: Կարող եմ ասել, որ առաջին հայացքից լավ տպավորություն ենք ստացել այդ առաջարկներից, և իրենց պահանջները կընդունվեն մեր կողմից: Ես հավատում եմ, որ մեր համագործակցության համար լավ քայլ ենք անում, որը կարևոր է: Այս լավ տեմպը շատ կարևոր է, որովհետև ՀՀ տնտեսության համար ուշացումները կարող են բացասական ազդեցություն ունենալ»,- ասաց նա:
ԵՄ դեսպանի խոսքով՝ այս պահին իրենք սպասում են, որ ՀՀ կառավարությունը հանձնի ճանապարհային քարտեզ, որը վերաբերում է Եվրամիության հետ կնքած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործմանը: «Կարող եմ ասել, որ երկու կողմից էլ մեր ընդհանուր կոնտակտները կառուցողական են»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությունը, թե «գրավյալ տարածքները» պետք է վերադարձվեն, Սվիտալսկին ասաց՝ Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում ԵՄ-ն ունի շատ պարզ մոտեցում՝ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների որոշմանը։
Նրա գնահատմամբ՝ Մինսկի խմբի համանախագահները շատ ուժեղ և երկարատև հանձնառություն են իրենց վրա վերցրել: Սվիտալսկին հիշեցրեց, որ համանախագահներն իրականացրել են տարբեր հանդիպումներ, և ԵՄ-ն գնահատում է նրանց ջանքերը:
«Ինչ վերաբերում է խնդրի լուծմանը, ապա ԵՄ-ի համար հստակ է, որ դրան պետք է հասնել կողմերի միջև քննարկման միջոցով, իսկ Մինսկի խմբի համանախագահները միջնորդ են: Կողմերից որևէ մեկին ոչ ոք չի պարտադրի ինչ-որ լուծում, քանի որ դա մի բան է, որ ինքնուրույն պետք է կարողանան մշակել: Մենք մեր լավատեսությունը չենք կորցնում և հուսով ենք, որ մի օր կհասնենք այդ իրավիճակին»,- ասաց Սվիտալսկին:
ՀՀ ԸՕ փոփոխությունների մասին խոսելիս ԵՄ դեսպանը նշեց՝ ցավալի է, որ ԱԺ-ն ԸՕ բարեփոխումների նոր փաթեթը չընդունեց, քանի որ այդ փոփոխությունները նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից էին դրական գնահատվել։
Ըստ նրա` որոշ փոփոխություններ համապատասխանում էին այն հանձնարարականներին, որոնք ներկայացվել էին ԵԽ-ի կողմից: «Կարծում եմ՝ այդ պահը ճիշտ չօգտագործվեց, ու հնարավորությունը բաց թողնվեց, որպեսզի ԸՕ-ն բարեփոխվի: Բայց, որպես ԵՄ, մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որոնք ներդրել էին թե' կառավարությունը, թե' փորձագետները՝ աշխատելով այդ փաթեթի վրա: Մեր հանձնառությունը՝ գալիք ընտրություններին աջակցել, շարունակվելու է, և բարեփոխումների փաթեթը չընդունելը ոչ մի կերպ չի ազդելու դրա վրա»,- ասաց Սվիտալսկին:
Նա նշեց նաև, որ, իր կարծիքով, վաղ, թե ուշ այդ փոփոխությունները տեղի են ունենալու, քանի որ նկատում են, թե կառավարությունն ինչքանով է ներգրավված ժողովրդավարական գործընթացներում: «ԱԺ-ից երկու անդամ էր դեմ քվեարկել, ինչն ընդամենը քաղաքականություն է, ներքին հարց: Մենք՝ որպես ԵՄ, չենք միջամտում նման հարցերում»,- ասաց ԵՄ դեսպանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը