Սովոր ենք, որ Թիֆլիսում էլ, օրինակ, կառք շուռ գա, մեղավորը ՀՅԴ-ն է, մեզ դրանով չեն զարմացնի. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք իրենց խմբակցությունը չտապալեց ԸՕ փոփոխությունների նախագծի ընդունումը:
Նշենք, որ խորհրդարանականներից 62-ը կողմ քվեարկեցին ԸՕ նախագծի փաթեթին, 2-ը՝ դեմ, 0 ձեռնպահ․ մեկ ձայնի պակասի պատճառով օրենքը չընդունվեց։ Կողմ քվեարկեցին «Ծառուկյան» և «Ելք» դաշինքներն ամբողջությամբ, ինչպես նաև ՀՅԴ-ն ամբողջ ներկա կազմով։ Այս խմբակցությունից բացակայում էին Ռոմիկ Մանուկյանը և Անդրանիկ Կարապետյանը։
«Մարդիկ պետք է սովորեն իրենց սխալները շտկել, այլ ոչ թե փորձեն դրանք ուրիշներին վերագրել»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ եթե երկու անգամ մի բան չի ստացվում, նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է արվել: Եթե գործընթացը լիներ համախոհությամբ, պրոբլեմ չէր առաջանա: Իսկ քանի որ դրված է դեկտեմբեր ամիսը, և ամեն ինչ հարմարեցվում է դրան, կլինի և այնպես, ինչպես եղավ։
Ռուստամյանը չի ընդունում ՀՅԴ գործողությունները սաբոտաժ որակելը․ «Ի՞նչ սաբոտաժ, եթե մեր 7 հոգուց 5 հոգին կողմ է քվեարկել: Եթե սաբոտաժ է համարվում, որ հարյուր տոկոսանոց մասնակցություն չկա, ուրեմն բոլոր այն օրենքները, որոնց 105 հոգով չեն քվեարկել, սաբոտաժ է եղել: Ակնհայտ է, չէ՞, որ սաբոտաժի մեղադրանքը օդից վերցրած է»:
Ռուստամյանը նշեց, որ եթե իրենց երկու պատգամավորը չեն եկել, ուրեմն անձնական պատճառներ ունեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը