ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հոդված է հրապարակել New York Times-ում, որում ասում է, որ ԱՄՆ-ի դուրս գալը ՌԴ-ի հետ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից սպառազինությունների նոր մրցավազքի սկիզբ է:
«Հայտարարվել է սպառազինությունների նոր մրցավազք»,- գրել է Գորբաչովը, որը 30 տարի առաջ ստորագրել էր այդ համաձայնագիրը ամերիկյան կողմի հետ:
Ըստ նրա` առաջին անգամ չէ, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս կարևոր համաձայնագրերից: Գորբաչովը հիշեցրել է որ 2002-ին Վաշինգտոնը դուրս է եկել հակահրթիռային պաշտպանության մասին համաձայնագրից, իսկ այս տարի` իրանական միջուկային գործարքից: Նա նկատել է, որ Մոսկվան առաջարկել է բանակցել բոլոր անհանգստացող հարցերի շուրջ, սակայն Վաշինգտոնը չի արձագանքել: «Եվ հիմա հասկանալի է՝ ինչու: Բավականաչափ քաղաքական կամք դրսևորելու դեպքում, ցանկացած բարդության հարց կարելի է լուծել գործող համաձայնագրերի շրջանակում: Բայց վերջին երկու տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ Միացյալ Նահանգների նախագահը միանգամայն այլ նպատակ ունի. այն է՝ ազատել Միացյալ Նահանգները ցանկացած տեսակի պարտավորություններից, սահմանափակումներից, որոնք վերաբերում են ոչ միայն միջուկային զենքերին»,-նշել է Գորբաչովը:
ԽՍՀՄ նախկին ղեկավարը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները վերցրել է Երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհում խաղաղության և անվտանգության հիմնաքար հանդիսացող միջազգային համաձայնագրերի մի ամբողջ համակարգ խախտելու նախաձեռնությունը: Հայտնի է, որ պատմական համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարտավորվել են ոչնչացնել գործողության միջին և փոքր շառավղով բալիստիկ ու թևավոր հրթիռներն ու այլևս չզբաղվել դրանց արտադրությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը