Նորվեգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին:
Այս մասին հայտնումէ Հայաստանի ԱԳՆ-ն։
Նորին Մեծություն Հարալդ Հինգերորդը ակնածանքով է խոսել հայ ժողովրդի պատմության և հայ-նորվեգական դարավոր բարեկամության մասին` նշելով, որ դեռևս 14-րդ դարի դարասկզբին Նորվեգիայի Թագավոր Հակոն Հինգերորդը հանդիպել է Կիլիկիայի Թագավորությունից պատվիրակության հետ` քննարկելու հնարավոր ռազմական համագործակցությունը:
Թագավոր Հարալդ Հինգերորդը հիշատակել է նաև նորվեգացի գիտնական, բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենի նվիրական աշխատանքը հայ գաղթականների ու որբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Արզումանյանը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը` մի շարք ոլորտներում Հայաստանի և Նորվեգիայի համագործակցությունը խորացնելու և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ուղղությամբ:
Ալեքսանդր Արզումանյանը Նորվեգիայում դեսպան է համատեղության կարգով։ Նա Հայաստանը ներկայացնում է նաև Դանիայում։
Ալեքսանդր Արզումանյանը Նորվեգիայում դեսպան է նշանակվել մարտի 7-ին։ Փաստորեն, դեսպանն աշխատանքի է անցնում նշանակվելուց ավելի քան 7 ամիս անց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը