Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը երկու օր առաջ ԱԺ ամբիոնից փորձում էր բացատրել, թե ներկա պահին ընտրական ո՞ր օրենսգիրքն է ավելի ձեռնտու Հանրապետականին: Իրականում ՀՀԿ-ի համար միևնույն է, թե ո՞ր ԸՕ-ն կլինի խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հիմքում: Քանի որ դրանից չի կախված Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմագրավելու ռեսուրսները: Վտանգն այն է, որ այսօր քաղաքական դաշտում, և նաև պետական կառավարման մեջ ստեղծված քաոսն ու սնուցվող էյֆորիան խլացրել են քաղաքական բանականությունը, կամ կարելի է ասել քաղաքական միտքն ընդհանրապես:
«Կրիմիանալ Հայաստան» հեռուստասերիալի վերածված հակակոռուպցիոն պայքարի իմիտացիան թույլ չի տալիս պատշաճ ուշադրություն դարձնել Հայաստանի համար կենսական խնդիրների վրա:
Արտաքին քաղաքականությունից ընդամենը երկու բան է հայտնի. «...հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են» և երեկ էլ իմացանք, որ «...Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից...»: Սա գուցե էյֆորիայով տառապող մարդկանց համար մի բան էլ շատ տեղեկատվություն է, բայց սպեցիֆիկ պրոբլեմներով, հակասությունների և հնարավոր նոր բախումների կիզակետում գտնվող երկրի արտաքին քաղաքականության ու անվտանգության համար ուղակի ոչինչ չի նշանակում:
Բոլթոնից, այսինքն պաշտոնական ԱՄՆ-ից, այսինքն Ադրբեջանին ինչ-որ տարածքներ վերադարձնելու կոչ անող երկրից երեկ մի քանի ուշագրավ մեսիջներ ևս ստացանք: Դրանցից մեկի վրա ցանկանում եմ կանգ առնել: Պարոն Բոլթոնն ասում է, որ վարչապետը եթե ստանա հասարակության մեծամասնության աջակցությունը և ունենա ուժեղ մանդատ, ապա կարող է մի շարք վճռական փոփոխություններ իրականացնել: Միևնույն ժամանակ Բոլթոնը նշում է, որ «…արցախյան հարցի լուծումը բարդ է՝ հակառակ դեպքում այն վաղուց կարգավորված կլիներ: ….. Հայաստանի համար արտաքին ճնշումները նվազեցնելու ամենավստահ ուղին ԼՂ հակամարտության լուծման ապահովումն է»։
ԱՄՆ-ը ևս պահանջում է հարցի արագ լուծում (տարածքների վերադարձման սխեմայով՝ ըստ դեսպան Միլզի), իսկ սա նշանակում է, որ հաջորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը տևական ժամանակ գտնվելու են արտաքին ճնշումների տակ՝ մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից: Ժողովրդի կողմից ստացած ուժեղ մանդատը՝ ինչի մասին խոսում է Բոլթոնը, իհարկե մի կողմից կարող է օգտակար լինել՝ ներքին բարեփոխումների համար (ենթադրում եմ, որ հաջորդ կառավարությունը գոնե 2019թ. փետրվարի 31-ից հետո կսկսի իրապես զբաղվել երկրի պրոբլեմներով), մյուս կողմից այն պատուհաս է դառնալու արտաքին քաղաքական բարդ իրավիճակներում մանևրելու հարցում:
Ամերիկացիներն էլ, ռուսներն էլ, ֆրանսիացիներն էլ շարունակաբար պնդելու են, «…Միսթըր փրայմմինիսթըր, ուվաժայեմըյ Նիկոլ Վլադիմիրովիչ, շեղ Նիկոլյա, ձեր ժողովրդի մեծամասնությունը անվերապահորեն հավատում է ձեզ, և ժամանակն է, որ օգտագործեք ձեր հեղինակությունն ու խաղաղություն հաստատեք տարածաշրջանում` բացելով փակ սահմանները. բայց ի նկատի ունեցեք, որ դրա դիմաց Ադրբեջանն ինչ որ հողեր է պահանջում: Դուք մի անհանգստացեք, վերադարձրեք այդ ինչ-որ տարածքները և մենք խաղաղարարներով կապահովենք ձեր սահմանների անվտանգությունը, եթե դրա կարիքը լինի…»: Ահա մոտավորապես այսպիսին կարող է լինել զրույցը ղարաբաղյան կարգավորման շուրջ:
Հայկական խորհրդարանը, իր նորօրյա հայ հեղափոխականների 70 տոկոսանոց հավաքականով, իրավիճակի փրկության միակ հույս է տեսնելու իր խորհրդարանական հակակշիռների մեջ: Այսինքն ընդդիմությանը, բայց ոչ թե ձևական, սեփական բիզնեսից վախեցած, կամ արևմտյան ու այլ գրպանային ընդդիմությանը, այլև իրական քաղաքական գործընթացների արդյունքում ձևավորված, քաղաքական մեծ փորձ, կենսագրություն և հմտություններ ունեցող, գաղափարական ամուր հենքի վրա կանգնած ընդդիմության:
Որքան էլ տարօրինակ է, ապագայում Նիկոլ Փաշինյանի համար, արտաքին բարդ իրավիճակներից ու կառավարման արդյունավետության ապահովման գործում միակ իրական փրկօղակը լինելու է Հանրապետականը: Իհարկե ՀՀԿ-ն դա չի անելու վարչապետի նկատմամբ ունեցած իր մեծ սիրո և հանդուրժողականության հաշվին, այլ սեփական երկրի ու ժողովրդի անվտանգության ու արցախյան հիմնահարցում ամուր դիրքերը պահելու կենսական շահերից ելնելով: Ապագա նորացվող Հանրապետականը միակ քաղաքական ընդդիմադիր հենարանն է լինելու, որի վրա առանց վարանելու դժվար պահերին կարողանալու է հենվել ապագա իշխանությունը՝ հանուն պետության ու ժողովրդի:
Այնպես, որ մեր հարգելի վարչապետը՝ մտահոգվելով ՀՀԿ-ի ճակատագրի մասին խորհուրդ է տալիս թե, որ ընտրական օրենսգիրքը պետք է նախընտրել, իսկ ես մտահոգվելով պետության ճակատագրի մասին՝ առաջարկում եմ դադարեցնել քաղաքական տեռորը քաղաքական ուժերի նկատմամաբ (սա չի վերաբերում հակակոռուպցիոն իրական պայքարին, մենք բոլորս պետք է ձգտենք նվազեցնել կոռուպցիան ու դրա դրսևորումները մեր երկրում) և հաշվի նստել այն ուժի հետ, որն ապագայում ընդդիմադիր դաշտի միակ իրական գործընկերն է լինելու, ում հետ միասին պետք է պայքարել հանուն անվտանգ, խաղաղ, արդար ու ապահով Հայաստանի (եթե իհարկե իշխանափոխության նպատակններն ազնիվ են):
P.S.
ի միջի այլոց, ժամանակին ՀՀԿ–ի ցուցակների համար կենաց մահու պայքար մղող, իսկ հիմա «Իմ քայլը» դաշինքում հայտնվելու թեկնածու հանդիսացող ՀՀԿ փախստականներն ու մյուս բարիկադավորները ևս ապագա խորհրդարանում կարող են ինչ-որ պահի օգտակար լինել վերոհիշյալ հարցերում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը