«Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների հարցում արտաքին միջամտության հավանականության հարցը կբացահայտվի ժամանակի ընթացքում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի դիտարկումների վերաբերյալ Մոսկվայի անհանգստությանը:
Ըստ նրա, ներկայումս դժվար է այդ մասին խոսել, քանի որ դրանք ենթադրությունների ժանրից են: «Այն, որ ընդհանուր առմամբ իրավիճակը Հայաստանի ներքաղաքական դաշտում Մոսկվայի ուշադրության կենտրոնում է՝ նույնիսկ քննարկման հարց չէ: Բոլորը հետևում են, տիրապետում են իրավիճակին և հույս ունեն, որ առաջիկա զարգացումները անկայունության նոր ալիք չեն բերի Հայաստանի ներքաղաքական կյանք, քանի որ Հայաստանը մեր դաշնակիցն է, ինտեգրացիոն կառույցների անդամ է: Այս ամենը մեզ չի կարող չանհանգստացնել: Հայաստանը հայտնվել է ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում, ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելում Հայաստան, և սա չի կարող վրիպել որևէ մեկի ուշադրությունից»,- ասաց Տարասովը:
Ինչ վերաբերում է Ռիչարդ Միլսի հայտարարություններին, ապա ռուս քաղաքագետի խոսքով, դեսպանի խոսքերը բավականին համարձակ են թվում: «Հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նրա դիտարկումները սուր են ընկալվում, քանի որ այսօր չկա կարգավորման հստակ տեսլական կողմերի մոտ, չկա զիջումների գնալու պատրաստակամություն, կա մեծ անորոշություն և միայն մեկ լոկալ պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել վերջերս, առնչվում է միայն հրադադարի ռեժիմին, իսկ բանակցությունների հարցում դեռ համաձայնությունների մասին խոսելը շատ վաղ է»։
Հարցին, թե ինչո՞ւ դեսպանն այդ մասին խոսեց հենց ներկայումս, Ստանիսլավ Տարասովը պատասխանեց, որ տարածաշրջանում նկատելի է ամերիկյան ակտիվության աճ:
«Ինչպես ասացի, ամերիկացի պաշտոնյաները միմյանց հերթ չեն տալիս և ժամանում են տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան: Նշմարվում է ակտիվություն նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, դրանով է պայմանավորված ամերիկյան սկզբունքների վերահաստատումը: Չեմ կարծում, որ այդ ակտիվությունը պայմանավորված է միայն միջազգային խնդիրներով: Կա նաև Հայաստանում ստեղծված իրավիճակը հասկանալու, հարաբերությունները զարգացնելու, տարածաշրջանում առավել ակտիվ դերակատարություն ստանձնելու ցանկություն՝ օգտագործելով նաև Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը, չնայած այդ իրավիճակը դեռ ինտենսիվ զարգացման փուլում է: Այսինքն` տարածաշրջանի նկատմամբ մեծացել է ամերիկյան հետաքրքրությունը, որը ենթադրում է, որ Ռուսաստանը ևս կմեծացնի զգոնությունը, համագործակցությունը, Ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվությունը»,- ասաց Տարասովը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում;
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը