ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ակնհայտ է հեղափոխության հաղթանակը: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ցանկանում եմ շնորհավորել ՏԻՄ ընտրությունների անցկացման կապակցությամբ: Ցավում եմ, որ ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածուներից ոմանք չհաղթեցին, սակայն ուրախ եմ, որ ևս մեկ քայլ կատարեցինք՝ արձանագրելու մեր հավատարմությունը թավշյա հեղափոխության արժեքներին: Երկու թեկնածու պարտվել է, նրանք հանդես են եկել հեղափոխության պաշտպանության դիրքերից: Էականն այն է, որ մենք մեր պարտավորությունը կատարել ենք: Ասել եմ և ասում եմ՝ ընտրություններն այլևս ընտրակեղծիքներով չեն լինելու։ Աներկբա է, որ բոլոր տեղերում ընտրությունների պաշտոնական արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը: Եթե կան և կարող են լինել դետալներ, ըստ որոնց միշտ չէ, որ նշանակում են ազատ կամարտահայտություն, ապա այդ ուղղությամբ պետք է աշխատել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ընտրություններ էին հանրապետության 9 մարզի 49 համայնքներում։ Արմավիր, Էջմիածին, Հրազդան քաղաքներում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, Կապանում՝ պարտվել։
Կապանում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Նարեկ Բաբայանի պարտությունը Նիկոլ Փաշինյանը չի կապում Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հետ. «Կոնկրետ այս պարագայում բացառում եմ, որովհետև մենք, բնականաբար, հարցումներով գիտեինք իրավիճակը, ընդհակառակը՝ վերջին քարոզարշավի երկրորդ մասում մեր թեկնածուի վարկանիշը շատ լուրջ աճ արձանագրեց, բայց, ցավոք, մինչև վերջ չհասցրեցինք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը