Հայաստանի 4 քաղաքներում քաղաքապետ են ընտրել: Հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին:
Արմավիրի քաղաքապետ է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող թեկնածու Դավիթ Խուդաթյանը, այս մասին տեղեկացրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով խորհրդական Սիփան Փաշինյանը:
Նա իր ֆեյսբուքյան էջում նաև տեղեկացրել է, որ Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը, որը մինչ այժմ քաղաքապետի պաշտոնակատարն էր:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է Կապան քաղաքում: Այստեղ ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանին հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը:
Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Էդգար Խաչատրյանը 47 ձայնի առավելությամբ ընտրվել է համայնքի ղեկավար: Նախնական տվյալներով՝ 36-ամյա Էդգար Խաչատրյանը ստացել է 454 ձայն, անկուսակցական 36-ամյա Ռոման Դանիելյանը՝ 407, իսկ 52-ամյա Ռազմիկ Պետրոսյանը 383 ձայն:
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում հաղթել է Հանրապետական թեկնածուն։ ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ ՀՀԿ֊ական Կամո Գեւորգյանը ստացել է 1652 ձայն և վերընտրվել։ Նշենք, որ Գեւորգյանը 2003թ.֊ից Ներքին Գետաշենի գյուղապետն է։
Լոռիում Վահագնի համայնքի ղեկավար է ընտրվել Սուրեն Կոստանդյանը՝ 299 ձայնով,
Արմավիրի Ծաղկունք համայնքի ղեկավար՝ Դավիթ Կարապետյանը՝ 409 ձայնով,
Կոտայքի Գեղաշենում հաղթել է Տիգրան Հակոբյանը՝ 1338 ձայնով,
Արմավիրի Հայթաղում՝ Մերուժան Մուրադյանը՝ 567 ձայնով,
Նույն մարզի Գեղակերտում՝ Ցոլակ Հակոբյանը՝ 502 ձայնով,
Տավուշի Լուսահովիտում՝ Գրիգոր Սարհատյանը՝ 97 ձայնով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը