ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության համապետական ցուցակը արմատական փոփոխություններ կկրի։
Հոկտեմբերի 20-ին Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հիմնադրած Երդվյալ ազատամարտիկների միության համագումարին:
«Ես իմ Բարգավաճի ցանկը, մեծամասնությունը փոխելու եմ, նորմալ է լինելու ամեն ինչ, կտեսնեք», - լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ նախագահը:
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք փոփոխվածներն իրենց չեն արադարացրել, Ծառուկյանը պատասխանեց՝ բոլորն էլ արդարացրել են, բոլորը նույն տեղում չեն մնալու անընդհատ, կյանքը զարգանում է, ոչ մի թիմակցի չենք անտեսելու, այլ այլ աշխատանքի են անցնելու: «Մի տեղում չի կարելի լճանալ»,- ընդգծեց նա։
Լրագրողների դիտարկմանը, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է՝ գործարարները չեն կարող լինել ապագա ԱԺ-ում, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Պարոն վարչապետն ասաց, որ մեր երկրում օլիգարխներ չկան, կան սեփականատերեր: Եվ ցանկացած մարդ, ով ցանկանում է, կարող է ժողովրդի վստահության քվեն վերցնել: Այսօր օլիգարխ չկա»:
Ծառուկյանն ընդգծեց՝ «այսօր արդեն պարոն Փաշինյանի հետ» նորմալ համագործակցում են, որպեսզի ձեռք ձեռքի տված երկիրն այս վիճակից հանեն: Նա հավելեց, որ կան խանգարողներ, բայց նման բան չի լինելու ու ամեն ինչ լավ է լինելու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը