19 10 2018

Հայհոյանքի ինստիտուտը Նոր Հայաստանում․ 168․am

Հայհոյանքի ինստիտուտը Նոր Հայաստանում․ 168․am

Հայկական հեղափոխությանը հաճախ մեղադրում են այն հարցում, որ սա ընդամենը իշխանափոխություն էր, քանի որ չբերեց փոփոխությունների մարդկանց մտքերում։ Այդ մասին անգամ ակնարկեց ԱՄՆ հեռացող դեսպանը Նիկոլ Փաշինյանի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ, հաղորդվում է 168․am-ում։

Նման պնդումները իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ականատես ենք մարդկանց վարքագծի այնպիսի փոփոխությունների և հասարակական կապերի այնպիսի մոդիֆիկացիայի, որոնք զուտ այս հեղափոխության արդյունք են։ Փոխվել են համակեցության կանոնները, վերանում են հին արժեքները, դրանց փոխարեն՝ հայտնվում են նորերը, որոնք, ենթադրվում է, թե պետք է կազմակերպեն հանրապետության և նրա քաղաքացիների կյանքը հեղափոխության արդյունքում։

Որպես նոր հանրային մտածողության ամենաակնառու անակնկալ՝ պետք է նշել հայհոյանքի հանրայնացումը՝ որպես ոչ միայն միջանձնային հարաբերությունների նորմ, այլև ներքին քաղաքականության գործիք։ Ֆեյսբուքում թափառող որոշ անձինք աչալուրջ կանգնած են՝ որպես հեղափոխության հաղթանակի պաշտպան, որպեսզի կառավարության հասցեին հայտնվող քննադատություններին անմիջապես պատասխանեն հայհոյանքներով։ Ընդ որում, թեև նրանց մեջ գերակշիռը ֆեյքերն են՝ կեղծ օգտատերերը, սակայն կան նաև իրական անձինք։ Միաժամանակ, սկսելով ինչ-որ տեղից, որտեղ հանվում են բարոյական սհմանափակությունները և թելադրվում են նոր խաղի կանոնները, այն պարարտ միջավայր է ընկնում և շարունակում է տարածվել շղթայական ռեակցիայի էֆեկտով։ Ֆեյսբուքը նաև կարող է դիմազրկել օգտատերին, իսկ վիրտուալ տարածությունը տալիս է իրականության կեղծ համարժեքություն, և շատերն այստեղ դառնում գերհամարձակ ու հագուրդ են տալիս իրենց թաքնված բարդույթներին։

Ֆեյսբուքի անգամ ամենապարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս երևույթի պատասխանատուները մի կենտրոնից կառավարվող, և, ըստ ամենայնի, նույն կենտրոնից ֆինանսավորվող անձինք են, որոնք գործում են կազմակերպված և ըստ հրամանատարների հրահանգի՝ հարձակվում են այս կամ այն մեկնաբանության վրա։ Ֆեյսբուքի վերլուծությամբ դժվար չէ անգամ պարզել, թե ովքեր են հրամանատարները։

Կարծիքների արտահայտման այս մեթոդաբանությունն իրական շոկ է քաղաքական գործիչների և մամուլի ներկայացուցիչների համար, որոնք համարում էին, որ հասարակությունը մերժում է հանրային հայհոյանքը և պարսավանքի ենթարկում այն կիրառողներին։ Մինչդեռ ներկայումս հայհոյանքը ստացել է այնպիսի ինտենսիվություն, որ նրան դիմագրավելը դարձել է անհնար: Հայհոյանքն իր մեծաքանակության պատճառով արդեն մերժվածի կատեգորիայից դառնում է միջանձնային հարաբերությունների նորմ։

Աղասի Ենոքյան

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ