18 10 2018

Ես արտահերթ ընտրություններով, քաղաքականությամբ չեմ ապրում. ԲՀԿ առաջնորդ

Ես արտահերթ ընտրություններով, քաղաքականությամբ չեմ ապրում. ԲՀԿ առաջնորդ

Իմ գործընկերներ ներդրողների, եթե գալիս են, հարգանք կա, պատիվ կա, երաշխիքն էլ ես եմ: Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝  խոսելով նոր իշխանության նկատմամբ ներդրողների վստահության մասին.

«Հիմա իմ ուզածն այն է, որ ոչ թե ես լինեմ երաշխիքը, այլ պետությունը: Խորհրդարանական  ընտրություններից հետո էլ պետք է բոլոր հարցերի պատասխանը տրվի գործարարներին, որ ոչ թե երաշխիքը Ծառուկյան Գագիկը լինի, այլ պետությունը»,- ասաց Ծառուկյանը:

Դիտարկմանը, թե Փաշինյանն ասել է, որ ներդրումների խնդիր կա, նա պատասխանեց. «Մարդն ասում է՝ բարիկադները քանդել ենք, հիմա էլ պիտի ամեն մեկն իր հնարավորության շրջանակներում օգնի` աշխատենք, ամեն ինչ նորմալ լինի»:

Խոսելով արտահերթ ընտրությունների մասին ԲՀԿ առաջնորդն ասաց, որ եթե նա Նիկոլ Փաշինյանի հետ է եղել, ինչպես կարող է դեմ լինել ընտրություններին.  «Փաշինյանի հետ հանդիպեցինք, Փաշինյանը մեզ հետ յուրահատուկ՝ թղթով էր: Ուղղակի ես մտածում էի, որ թող հունիսին, հուլիսին լիներ արտահերթ ընտրությունները, որ ժողովուրդը հանգստանար: Հիմա կլինեն ընտրություններ, դրսի ժողովուրդն էլ կտեսներ, որ խախանդ, ամեն ինչ լավ է, ներդրումներ էլ կլինեն: Անկախ նրանից, թե կոալիցիա կլինենք, ընդդիմություն կլինենք՝ ի օգուտ ժողովրդին ենք գործելու: Ես արտահերթ ընտրություններով, քաղաքականությամբ չեմ ապրում »,-ասաց Ծառուկյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե բիզնեսը քաղաքականությունից պետք է տարանջատվի, Ծառուկյանը պատասխանեց. «Մենք Նիկոլ Փաշինյանի հետ համապատասխան հուշագիր ենք ստորագրել, ես բիզնեսով չեմ զբաղվում, ես իմ բիզնեսները տվել եմ կառավարման»,– ասաց նա։

Խոսելով «Մուլտի գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերմայի մասին ԲՀԿ նախագահը ասաց, որ հաջորդ տարի նախատեսում են տեքստիլի և երկաթի վերամշակման գործարան կառուցել: «Տարբեր երկրներից հիմա եկել են, հիմնական մասսան գալու է վաղը՝ ամսի 20-ին, պետք է տեսնեն, ամեն մեկն իր չափով ներդրումներ կանի: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ներդրողներ կան, իրենք այսօր ուզում են վարչապետին հանդիպել, նախարարներին, հարկային մարմինների ներկայացուցիչների հետ որոշ հարցեր կան, պետք է քննարկեն՝ ավելի մեծ ներդրումներ անելու համար»,- նշեց նա: Նրա խոսքով՝ մայնինգ ֆերմայի բացման արարողությանը մասնակցելու համար մոտ 40 երկրից ներդրողներ են ժամանել:

Գագիկ Ծառուկյանը նաև հայտնեց, որ այս տարվա ընթացքում ևս երկու ներդրումային ծրագիր պետք է իրականացվի, առաջինը՝ արևային պանելների կայանի կառուցում և սրբիչ գործարանի հիմնում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը կարծում է, որ գործարարները տրամադրված են Հայաստանում ներդրումներ անել, իսկ մնացածի «մեղավորը» լրագրողներն են։

«Մեր լրագրողներն են՝ խաչաձև, մուտիլովկեք, ուզում եք՝ բոմբ տրաքացնեք, արդեն տրաքել, պրծել ա, հիմա կառուցելու ժամանակն ա։ Մարդն ասում ա՝ բարիկադները արդեն քանդել ենք, հիմա ժամանակն ա՝ ամեն մեկն իրա գործն անի, աջակցենք, օգնենք, որ ամեն ինչ լավ լինի»

Խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից արտահոսքի մասին, նա նշեց. «Ամեն մարդ ինքն ունի իր մտածելակերպը, իր գաղափարը, քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են, բոլորն էլ իրավունք ունեն կուսակցություն բացելու՝ ում հետ կցանկանան »,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ