ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Սամվել Ֆարմանյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, խոսել է Մարդու իրավունքների մոնիթորինգի շուրջ զեկույցի մասին:
Ինչպես Ֆարմանյանը նշել է, զեկույցի նպատակն է առավելագույնի հասցնել Մարդու իրավունքների հարցում Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մեխանիզմների ազդեցությունն ու արդյունավետությունը:
«Մարդու իրավունքները համամարդկային են իրենց տեսակով, և չպետք է լինի մի երկիր կամ տարածք, անկախ իր քաղաքական կարգավիճակից, որտեղ մարդու իրավունքները հասանելի չլինեն մոնիթորինգի համար»,- ասել է Ֆարմանյանը։
«Խոստումնալից է, որ վեհաժողովը ողջունում է այսպես կոչված՝ «գորշ գոտիների» պատրաստակամությունը՝ համագործակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովի և Մարդու իրավունքների մոնիթորինգ իրականացնող այլ կառույցների հետ, որոնք նպատակաուղղված են մարդու իրավունքների առավել լավ պաշտպանության ապահովմանը հակամարտության գոտիներում: Դա վերաբերում է նաև դեռևս միջազգային ճանաչում չունեցող Լեռնային Ղարաբաղին»,- ընդգծել է Ֆարմանյանը:
Ֆարմանյանի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանությունը կարող է հիմնաքար դառնալ հակամարտությունների քաղաքական կարգավորման համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը