Անթալիայում մեկնարկած Եվրասիայի խոսնակների 3-րդ համաժողովի ընթացքում փակ դռների ետևում լուրջ բանավեճ է ծավալվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ու Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմի միջև, գրում է «ՀաբերԹյուրք»-ը:
Հիշեցնենք, որ համաժողովի ժամանակ Շարմազանովն ի նշան Կիպրոսի Հանրապետության օկուպացիայի դեմ բողոքի պատվիրակության անդամների հետ լքել էր դահլիճը։
Հայտնի է, որ Շարմազանովը դուրս է եկել դահլիճից, երբ Յըլդըրըմը ձայն է տրամադրել միջազգային հանրության կողմից չճանաչված Հս. Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանի նախագահին։
Թուրքական լրատվամիջոցի պնդմամբ՝ Շարմազանովը նիստի ժամանակ հայտարարություններ է արել նաև Հայոց ցեղասպանության ու Արցախի հիմնահարցի վերաբերյալ, ինչը խիստ բարկացրել է Յըլդըրըմին:
Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը պնդել է, թե Հայաստանը նման պահվածքով «մեկուսացնում է իրեն» քաղաքական դաշտում, մինչդեռ «խաղաղ» քաղաքականություն վարելու դեպքում ՀՀ-ն կարող է կարգավորել հարաբերությունները հարևանների հետ:
«Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է վերջ դնի ցեղասպանության մասին անհեթեթ պնդումներին և պատմությունը թողնի պատմաբաններին»,- հայտարարել է Յըլդըրըմը:
Ըստ նրա՝ Շարմազանովի հայտարարությունները հարիր չեն համաժողովի ձևաչափին ու նպատակին:
Վերջինիս աջակցություն է ցույց տվել Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը, որը հայտարարել է, թե «Հայաստանը տարիներ շարունակ անհիմն մեղադրանքներ է ներկայացնում Թուրքիային»:
Աղբյուրը նշում է նաև, որ նիստի վերջում մասնակից անդամների ընդհանուր հայտարարության ընթերցման ժամանակ հայաստանյան պատվիրակությունը ներկա չի գտնվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը