«ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցն այդքան էլ կրիտիկական չպետք է դիտարկվի Հայաստանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրբեջանի` ՀԱՊԿ-ում կարգավիճակ ստանալու հեռանկարի հնարավորությանը:
Վլադիմիր Եվսեևը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է այս թեման ակտիվորեն շրջանառվում ռուսական մամուլում, եթե հայկական կողմը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը՝ դրանով իսկ անհնար դարձնելով Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում որևէ տեսակի կարգավիճակ ստանալու գործընթացը, ասաց, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսային սկզբունքով:
«Չեմ պատկերացնում, որ Ադրբեջանը կարողանա ստանալ դիտորդի կարգավիճակ, եթե Հայաստանը կամ որևէ այլ երկիր դեմ լինի դրան: Եթե Հայաստանը չփոխի իր դիրքորոշումը, դա, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի: Մյուս կողմից՝ չէի գերագնահատի Ադրբեջանի ՀԱՊԿ անդամակցության կամ դիտորդի կարգավիճակ ստանալու հեռանկարի սպառնալիքը, քանի որ, օրինակ, դիտորդի կարգավիճակը թույլ չի տա Ադրբեջանին մսանակցել որոշումների կայացմանը: Մյուս կողմից՝ բավականին երկար ժամանակ է, ինչ ադրբեջանական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտությունում ակտիվորեն առաջ է մղում Ղազախստանը: Այսինքն` չլինելով ՀԱՊԿ-ում դիտորդ, Ադրբեջանն իր շահերն առաջ է մղում: Ուստի, ըստ իս, դիտորդի կարգավիճակ ստանալու հարցն այդքան էլ կրիտիկական չպետք է դիտարկվի Հայաստանում, քանի որ անուղղակի կերպով Ղազախստանի միջոցով Ադրբեջանը մասնակցում է ՀԱՊԿ-ում որոշումների կայացմանը՝ չնայած Հայաստանի դիրքորոշմանը»,- նշեց Եվսեևը:
Ռուս ռազմական փորձագետն ասաց, որ իրեն հայտնի չէ, թե արդյոք կա՞ նման հարց նոյեմբերին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի օրակարգում, թե՞ ոչ:
Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ իր համար պարզ չէ այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը, քանի որ դիրքորոշում չի հայտնվել պաշտոնապես:
«Բայց պետք է նշել, որ՝ անկախ այս հարցից և Հայաստանի դիրքորոշումը հաշվի առնելուց, Հայաստանի և Ռուսաստանի ամենաբարձր ղեկավարությունների միջև վստահության մակարդակն է էականորեն իջել, դեռ կան հարցեր, որոնց շուրջ չկա փոխըմբռնում, թեև ղեկավարները հաճախակի հանդիպում են և զրուցում: Ուստի վստահության ներկայիս մակարդակի պայմաններում՝ չեմ կարող ասել, թե որքանով Հայաստանի դիրքորոշումը կստանա Ռուսաստանի աջակցությունը: Անկախ դրանից՝ որոշումների կայացման համար անհրաժեշտ է կոնսենսուս»,- ասաց նա:
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը