Տեղեկացա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան անդրադարձել է երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից բարձրաձայնված խնդիրների մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում:
Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա»:
Արմեն Աշոտյանը, մասնավորապես, գրել է.
«Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում նման հետևողականությունը, հավելեմ միայն, որ հատկապես վարչապետը պետք է առավել ճշգրիտ լինի իր գրառումներում և ինձ չվերագրի բաներ, որ ես չեմ ասել, մասնավորապես՝ ապակիների ջարդելու հետ կապված:
Կարճ հիշեցում և պարզաբանումներ:
1. ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի մասով
Մինչ մեր հարցուպատասխանը մամուլն արդեն անդրադարձել էր (http://www.slaq.am/arm/news/1276117/7 և https://www.yerkir.am/news/view/157940.html ), որ պատգամավորի մասնակցությամբ միջադեպ է եղել, որի արդյունքում պատգամավորի աշխատանքը խոչընդոտվել է: Ես իմ հարցում օգտագործել եմ «երեկ տեղի ունեցածով» բնորոշումը, և ոչ թե պետական քարոզչամեքենայի կողմից հրամցվող բռնություն բառը: Հիմա որոշ զլմ-ներ և ոստիկանությունը հերքում են բռնությունը, բայց փաստացի հաստատում միջադեպը: Ուստի փաստեմ, որ ես իրավացի էի:
Կխնդրեմ վարչապետին հրահանգել ոստիկանությանը պարզելու, թե այդ միջադեպի արդյունքում ովքեր են խոչընդոտել Ռուզաննա Առաքելյանի, ինչպես նաև այլ պատգամավորների պարտականությունների կատարմանը: Մի փոքր հուշում էլ անեմ՝ նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը նայեք:
2. Ավտոմեքենաների մասով
Երեկ ԱԺ-ում նույն հարցուպատասխանի ժամանակ ասել եմ, որ «մեքենաներ են վնասվել»: Եվ խոսքը ԱԺ աշխատակազմի մեքենաների մասին չէր, ինչպես որոշ զլմ-ներ ուղղորդված փորձեցին ներկայացնել: Նույն թեմային երեկ, մինչև վարչապետի այսօրվա գրառումը, անդրադարձել է նաև մամուլը (տես՝ www.hraparak.am կայքի «Երեկ ցուցարարները խազել են պատգամավորների մեքենաները, իջեցրել՝ գալուստ սահակյանի մեքենայի անիվները» հրապարակումը, որտեղ մատնանշված է առնվազն երկու պատգամավորի անուն): Այլ պատգամավորների մեքենաների անիվների վնասում, մեքենաների վրա վիրավորական գրառումներ և խազեր նույնպես եղել են:
Եզրահանգելով՝ հորդորում եմ
1. Վարչապետի մամլո ծառայությանը՝ ժամանակին և ամբողջությամբ տեղեկացնել Նիկոլ Փաշինյանին նման հրապարակումների մասին:
2. ՀՀ Ոստիկանությանը՝ ժամանակին և օպերատիվ արձագանքել մամուլի նմանատիպ հրապարակումներին և չսպասել վարչապետի հետ պատգամավորների հարցուպատասխանին:
3. Պատկան մարմիններին՝ ուսումնասիրել նշված հրապարակումները, այդ թվում՝ պատգամավորների աշխատանքը խոչընդոտելու ահազանգերը, և պատշաճ ընթացք տալ:
Պատրաստ եմ հնարավորություններիս շրջանակներում ապագայում նույնպես վարչապետին իրազեկել և աջակցել ընտրողական մոտեցումներից խուսափելու և օրինականության պահպանման հարցերում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը