03 10 2018

Վերջնական որոշում ոչ մի հարցի վերաբերյալ չկա. Միքայել Մելքումյան

Վերջնական որոշում ոչ մի հարցի վերաբերյալ չկա. Միքայել Մելքումյան

Նախօրեին որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, լսել ենք տեղեկատվություն, թե ինչ է պատրաստվում, ինչ մտադրություններ ունի վարչապետը:

Այս մասին հոկտեմբերի 3-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Կային փաստարկներ, հակափաստարկներ, որոնք քննարկվեցին, և կառավարությունը մնաց իր տեսակետին, որ արտահերթ ընտրությունները նախապատրաստվում են դեկտեմբերին»:

Հարցին, թե տեսակետ եղե՞լ է, որ վարչապետի հրաժարականից հետո դուք վարչապետի թեկնածու չառաջադրեք, Մելքումյանն արձագանքեց. «Տարբեր հարցերի շուրջ խոսակցություն է եղել, բայց որևէ պայմանավորվածություն չի եղել: Պայմանավորվածությունը կարող է լինել այն դեպքում, երբ պաշտոնապես դա քննարկես: Մենք մեր տեսակետին ենք մնում, որ ինչպես պայմանավորվել ենք կառավարության ծրագրի ձեևակերպման ժամանակ, մինչև մայիս-հունիս լինեն ընտրությունները»:

Մելքումյանի խոսքով, այդ ժամանակը պետք է, որ նախ ընտրական օրենսգիրքը փոփոխվի, նաև քաղաքական ուժերին պետք է ադապտացիոն շրջան ընտրություններին հավասար պայմաններ ապահովելու համար:

Դիտարկմանը, որ երեկ հապշտապ երեկոյան ժամը 19:30-ին նիստ հրավիրեցին ու քվեարկեցին աղմուկ հանած օրինագիծը, հնարավոր չէ՞ նույնկերպ արագ քննարկել և ընդունել Ընտրական նոր օրենսգիրքը, Մելքումյանն արձագանքեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, եթե ցանկությունը կա, հիմնավորումները կա, կլինի: Մենք ամեն բան դիտարկում ենք տրամաբանության մեջ: Բանակցությունները չեն ավարտվել, շփումները շարունակվում են»:

Հիշեցմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ քաղաքական ուժերը բանավոր նշել են, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, Մելքումյանն ասաց, որ իրենք կուսակցությունում այդ հարցը չեն քննարկել և վերջնական որոշում ոչ մի հարցի վերաբերյալ չկա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ