Այն, ինչ հիմա տեղի է ունենում, այն ինչ կազմակերպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի ճնշում է ու սպառնալիք ուղղված պատգամավորներին: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Նա հավելեց, որ տեղի ունեցողը հակասում է սահմանադրությանը և դեմ է իշխանությունների տարանջատման սկզբունքին: Շարմազանովն այս ամենը մեկ բառով անարխիա անվանեց:
***
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց՝ այն ուժերը, որոնք «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններին կողմ են քվեարկել, նրանք ԱԺ լուծարմանը դեմ չեն:
«Մենք լուծարմանը դեմ չենք և հայտարարում ենք, որ դա տեղի ունենա սահմանադրորեն, ու եթե հակասահմանադրական միջոցներով ենք լուծարում խորհրդարանը, ական ենք դնում գործընթացի տակ:
Ես հուսով եմ ճգնաժամ չի առաջանա, որովհետև ամեն ինչի պատասխանատուն գործադիր իշխանությունն է: Եթե գործադիրը տանում է այս ուղղությամբ, պատասխանատվությունն էլ մնալու է իր վրա»,- հայտարարեց Ռուստամյանը:
Նա ընդգծեց, որ պետք է արտահերթ ընտրությունների գնայինք համախոհությամբ. «Եթե համախոհություն չկա, պառակտվելու է հասարակությունը եւ ես սրանից լավ հոտ չեմ առնում: Կարող է հիմա բոլորը մեզ քարկոծեն, բայց հանուն վաղվա ճշմարտության, թող որ այսօր լինեմ սխալ: Եթե մեր ընդունած նախագիծը հակասահմանադրական է, թող դիմեն ՍԴ, բայց հանրահավաքներով Սահմանդրության որոշել ճիշտն ու սխալը որոշելը այդպիսի բան աշխարհում չի եղել»,-նշեց Ռուստամյանը:
***
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Պատկերացնում եմ, որ մենք համաձայնության կգանք, որ արտահերթ ընտրություններ կլինեն, ես հրաժարական կտամ, իսկ իրենք թեկնածու չեն առաջադրի։ Կարծում եմ՝ նրանք թեկնածու չեն առաջադրի մարդկանց գրգռելու համար, որովհետև եթե թեկնածու առաջադրեն, կբորբոքեն մարդկանց։ Վատ չի լինի, եթե համաձայնագիր էլ լինի։ Կարծում եմ, որ բոլոր որոշումները կկայացվեն իրավիճակին համապատասխան։
Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է խորհրդարանում մնացած պատգամավորների հետ։
***
Նիկոլ Փաշինյանն ԱԺ շենքի ներսից ուղիղ եթերով դիմում է քաղաքացիներին՝ հորդորելով չփակել խորհրդարանի շենքից դուրս գալ ցանկացող պատգամավորների ճանապարհը և թույլ տալ հեռանալ։
***
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայից ուղևորվում է Ազգային ժողովի շենք՝ պատգամավորների և քաղաքական ուժերի հետ ստեղծված իրավիճակը հաղթահարելու շուրջ բանակցություններ վարելու համար: Այդ մասին վարչապետը նշեց հանրահավաքի ժամանակ:
«Ես այժմ Դեմիրճյան փողոցով կգնամ Ազգային ժողով, այդ ընթացքում տեղի չի ունենա ոչ մի այլ բան, ոչ մի թուփ, ոչ մի ավտոմեքենա, ոչ մի ծառ, ավտոմեքենա չի վնասվի: Ես կգնամ, մուտք կգործեմ ԱԺ տարածք, որպեսզի բանակցեմ նաև այնտեղ գտնվող պատգամավորների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա կանի սիրո և համերաշխության կարգախոսի ներքո:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց, որ ինքը առաջիկա օրերին հրաժարական կտա վարչապետի պաշտոնից և ներկայացրեց խորհրդարանական ընտրությունների անցնելու ընթացակարգը:
Վարչապետն ասաց, որ որպեսզի ԱԺ-ի ընդունած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ուժի մեջ մտնի, ապա 21 օրվա ընթացքում ՀՀ նախագահը պետք է ստորագրի այդ օրենքը կամ դիմի Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը վիճարկելու համար:
«Կարծում եմ, որ ինձ կլիազորեն, որ ես հիմա այստեղից դիմեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի այդ օրենքը չստորագրի և դիմի ՍԴ: Ինչպես ենք մենք հասնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի ամեն ինչ լինի դե յուրե ճիշտ:Ծրագիրը հետևյալն է. երբ նշված նախարարներին ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին որոշումները դե յուրե կմտնեն ուժի մեջ, դրանից հետո, ես կոնկրետ օրը չեմ ասում, ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից»,- ասաց վարչապետը:
Բողոքի ակցիայի մասնակիցները, հետևելով Փաշինյանին, մտան ԱԺ տարածք։
***
Հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը, ՀՅԴաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։
Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աշխատանքից ազատում է ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարներին և մարզպետներին։ Իսկ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, ԲՀԿ-ն ներկայացնող Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ: «Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել մեզ հետ: Ես առաջարկում եմ ողջունել Մհեր Գրիգորյանի որոշումը»,- ասաց Փաշինյանը:
***
Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիային առաջարկում ենք հետևել ուղիղ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է ստուգել, թե պատգամավորներից ովքեր են ԱԺ-ում կողմ քվեարկել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնութունը։
«Մենք հիմա կճշտենք տեղեկատվությունը այդ նախագծին կողմ քվեարկած պատգամավորների և քաղաքական ուժերի մասին, և այսօր արդեն, հիմա արդեն կարող ենք ասել, որ այդ քվեարկությամբ, այդ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելով ՀՀԿ-ն և նրանց աջակցող ուժերը Հայաստանում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն»,- ասաց վարչապետը:
Նախնական տեղեկություններով՝ այդ նախագծին կողմ են քվեարկել պատգամավորներ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու Դաշնակցությունից: Վարչապետի խոսքով՝ բոլորն էլ տեսնում են, որ նրանց մոտ հակահեղափոխությունը չի ստացվի, հակահեղափոխոթյունը ՀՀ-ում ուժ չունի, որովհետև ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակը նրա ձեռքից ոչ ոք չի կարող առնել: «Եվ ուրեմն՝ ՀՀԿ-ն պետք է արմատախիլ արվի Հայաստանից: Հայաստանի քաղաքական դաշտից պետք է արմատախիլ անել այն ուժերը, որոնք աջակցել են հակահեղափոխությանը»,- ասաց Փաշինյանը:
***
ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, մեկնաբանելով «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ անելու օրինագծի քվեարկության ընթացքը խորհրդարանում, նշեց՝ էլեկտրոնային համակարգը չէր գործարկվել, որովհետեւ քարտերը հավաքել էին «Ելք» խմբակցության պարգամավորները։
Հարցին, թե բաժանարար գծեր են դրվում, Հովհաննիսյանն ասաց. «Գիտեք ինչն է խնդիրը, ես անկեղծ եմ ուզում լինել ձեզ հետ։ Մենք ընդամենն օրենքի նախագիծ էինք բերում ՝ կարգավորելու համապատասխան իրավիճակները։ Սա մեկնաբանվեց որպես վարչապետի ընտրության ամենահավանական, փաստրեն այս խմբակցության կողմից պատկերացվող միակ տարբերակի դեմ ակցիա, ինչն այդպես չէր»։
Հովհաննիսյանը նաև նշեց, որ ՀՀԿ պատրաստ է բանակացությունների. «Մենք բանակցությունների պատրաստ ենք, արտահերթ ընտրությունների պատրաստ ենք, մենք ընդամենը խնդիր ունեինք ժամանակահատվածի հետ։ Բայց պարզվում է, որ ժամանակահատվածը պետք է հարմար լինի բացառապես մեկ քաղաքական ուժի։ Դրա մասին էր ընդամենը խոսքը»։
***
Ազգային ժողովի մոտակայքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում բողոքի ակցիան շարունակվում է։ ԱԺ-ի մոտ է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով հարցին, թե ինչպես է գնահատում իրավիճակը, ասաց, որ նորմալ է գնահատում. «Ժողովուրդն իր կամքն է արտահայտում, և բոլոր տեղերը ոստիկանական վերակարգեր կան, ես անձամբ շրջագայեցի, ուղղակի անհանգիստ էի, որովհետև բազմություն էր հավաքվել, ամեն ինչ նորմալ է»:
Հարցին, թե հնարավոր է, որ բախումներ լինեն տարբեր ուժերի կողմից, Վալերիյ Օսիպյանն ասաց. «Իմ այստեղ գտնվելը պայմանավորված է նրանով, որ ես համոզվեմ... ոստիկանությունն այստեղ է, որպեսզի նմանատիպ՝ ձեր ասած բախումներն ու սադրիչ գործողություններ չլինեն»:
Հարցին, թե վարչապետի անվտանգությունն ուժեղացվելո՞ւ է, ոստիկանապետն ասաց, որ վարչապետի անվտանգությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը. «Չեմ կասկածում, որ պատշաճ է իրականացվում»:
Այն հարցին, թե որքան կլինի բազմությունը, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ հազարների մասին է խոսքը: Հարցին, թե ի՞նչ է անելու ոստիկանությունը երթևեկությունը վերականգնելու և ԱԺ ելումուտն ապահովելու համար, ոստիկանապետն ասաց, որ այս պահին բացատրական աշխատանքներ են տարվում, սակայն սա շտապ հավաք է, և քաղաքացիները կարգ չեն խախտում:
***
Վարչապետի կոչից հետո մեկուկես ժամ անց ԱԺ շենքի մոտ հավաքվածների թիվը հասնում է մի քանի հազարի։ Մարդիկ սեփական մեքենաներով փակել են Բաղրամյան պողոտայի բոլոր մուտքերը։ Նրանք ստուգում են փողոցին մոտեցող ցանկացած ավտոմեքենա՝ փորձելով թույլ չտալ, որ ԱԺ-ից որևէ պատգամավոր դուրս գա։
***
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի անցկացմանը, որտեղ ընդունվեց ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը, նշեց․ «Իրենց պաշտոնի համար մի ամբողջ ժողովրդի դեմ են դուրս գալիս՝ առանց մտածելու, ինչ-որ բաներ ունեն, իրանք թքած ունեն ժողովրդի վրա, դրա համար սա են անում։ Սա բանդա ա, էս բանդան ուզում է մեր ժողովրդին ինչ-որ բաներ անի, բայց չի ստացվելու»,- ասաց Սասուն Միքայելյանը։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ իրենք դեռ առավոտից ասում են՝ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունները վարչապետի հրաժարականով տապալելու ճանապարհ է։ «ՀՀԿ-ն ասում էր, որ ոչ, դրա համար չէ, այդ ի՞նչ եք ասում։ Ասում էին՝ մի ուժ է արել, իսկ հիմա մենք տեսանք, որ բոլոր ուժերը կապ ունեն, բացի «Ելք» խմբակցությունից։ Հիմա հաշվեցին, որ 67 կողմ եղավ, ու օրենքն ընդունվեց»,- նշեց Մարուքյանը՝ հայտարարելով, որ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ եթե վարչապետի հրաժարականից հետո 14 օրվա ընթացքում վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն օրենքի ուժով լուծարվում է։
***
Մարդիկ արգելափակել են ԱԺ ելքերն ու մուտքերը և թույլ չեն տալիս` մեքենա մոտենա։ Սպասվում է, որ Գիտությունների ազգային ակադեմիայի աստիճանահարթակում հանրահավաք տեղի կունենա։
***
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց․ «Նպատակը մեկն էր, որպեսզի օրենքով սահմանված կերպով պաշտպանենք Ազգային ժողովի իրավունքներն ու ազատությունները։ Որևէ մեկը չի ասել, որ արտահերթ չի լինելու, և մենք բանակցել ենք արտահերթ ընտրությունների հետ կապված։ Եվ երեկ մեր խմբակցության ղեկավարը բանակցություններից հետո հայտարարեց, որ երկրորդ ռաունդ է սպասվում։ Բայց այսօր էն, ինչ-որ տեղի է ունենում, միջամտություն է ԱԺ աշխատանքներին՝ կառավարության ղեկավարի կողմից։ ԱԺ-ն անկախ մարմին է, և ԱԺ պատգամավորները ազատ են ըստ սահմանադրության քնվեարկել իրենց խղճին և համոզմունքին համապատասխան»։
***
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին իրադաչձություններին՝ նշելով․ «Ես իմ պահվածքով մաքսիմալ անում էի այն, որպեսզի ունենանք ԱԺ-ում երկխոսության հնարավորություն։ Բարեբախտաբար, ինչ-որ ժամանակ դրան հասել էինք։ Ինձ համար մեծ ուրախություն էր և բավականություն քաղաքական առումով, երբ վարչապետը Նյու-Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գա ու քաղաքական ուժերի հետ ԱԺ-ում քննարկենք հարցը։
Հայտնի էր, որ ուժերի մի մասը՝ ԵԼՔ-ը կողմնակից էին շուտ ընտրություններին, մյուս մասը՝ ավելի ուշ։ Բայց բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունները։ Ես երբ հանդիպել եմ վարչապետի հետ՝ մտահոգություններս ներկայացնելիս, մենք իրար հետ հանդես ենք եկել հայտարարությամբ, որտեղ նույնպես մի քանի կետով և շատ խաղաղ ձևով ներկայացված են ժողովրդավարական ամբողջ մոտեցումները։ Եվ ես ինչո՞ւմ եմ տիկին Նազարյանին մեղադրում։ Երբ լրագրողը հարցնում է՝ իսկ եթե նրանք չգնան այդ քայլին, դուք ի՞նչ կանեք, փոխանակ ասի, որ իմ առաջնորդն այնպիսի հմուտ քաղաքական գործիչ է, որ բանակցությունների արդյունքներով կհասնի քաղաքական արդյունքների, ասում է՝ եթե հանկարծ չլսեն, ժողովրդին կհանենք փողոց։ Եվ ստացան այն, ինչ ստացան»։
Լրագրողի դիտարկմանը, թե՝ վարչապետն ասաց, որ ինքն է զանգել-խնդրել այսօր չդնել քվեարկության, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Այո, ես գնացի այդ քայլին, որ հնարավորություն տամ երկխոսության։ Եվ տեսաք, որ երկխոսություն չեղավ»։
***
Ազգային ժողովի դիմաց հանրության մեծ հոսք է նկատվում: Քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում՝ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով։ Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպեով գնաց աշխատավայր՝ Բաղրամյան 26՝ խնդրելով հավաքվածներին սպասել։ Հանրահավաքի համար հարթակ է պատրաստվում։ Սպասվում է, որ վարչապետը հանդես կգա ելույթով։
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ վարչապետը քաղաքացիներին հորդորեց անմիջապես հավաքվել ԱԺ-ի մոտ, քանի որ ՀՀԿ-ն արտահերթ նիստ էր հրավիրել։ Չնայած «Ելք»-ի պատգամավորներն ԱԺ-ում հավաքեցին գրանցման քարտերը, ՀՀԿ-ն, ձեռքով քվեարկելով, 67 կողմ ձայնով ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնութունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը