02 10 2018

Բուռն բանավեճ խորհրդարանում. Նախագծի տակ դավադրություններ են տեսնում

Բուռն բանավեճ խորհրդարանում. Նախագծի տակ դավադրություններ են տեսնում

«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ զերծ եմ մնում որևէ հայեցողական մեկնաբանությունից և ասում եմ, որ չկա այդպիսի խնդիր, իրավական անգամ նրբին խնդիր այստեղ չկա»,- հոկտեմբերի 2-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» երկրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նախագծի համահեղինակ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Արդարադատության փոխնախարարն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում են, որ փորձ է արվում կասեցնել ԱԺ-ն իրավունքի ուժով արձակելու գործընթացը: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ վարչապետի ընտրության հարցին հայեցողական են մոտեցել:

«Ինչո՞ւ եք, անպայման, ուղղորդվածությամբ տանում, հարցը վերաբերում էր ընդամենը ԱԺ հերթական նիստերին: Ընդհանրապես, եթե վարչապետի ընտրությանն է վերաբերում, ինչպես Էդմոն Մարուքյանը մեկնաբանեց, քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է նոր ընտրություն, մենք յոթ օր հետոյի մասին չենք խոսում, մենք խոսում ենք այն մասին, որ յոթ օր հետո նիստը կայանում է, չի սկսվում, կամ նիստն ընդհատվում է կամ ընդհանրապես ԱԺ-ի ցանկացած նիստ»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ Սահմանադրություն մեջբերելը վերջերս մոդայիկ է դարձել, ու ում ոնց հարմար է՝ այդպես է մեկնաբանում: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, թե ո՞վ է որոշում՝ արտակարգ իրավիճակներն առկա են, թե առկա չեն, խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը, դրանում առկա է սպառնալիք, թե ոչ, այս հարցի որոշումը թողնված է միանձնյա ԱԺ նախագահին:

Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ո՞վ է որոշում, Արտակարգ իրավիճակ հասկացությունը, որ կարդաք, կհասկանաք, որ պետք չի՝ ԱԺ նախագահը հանկարծ գուշակի, որ օրինակ ջրհեղեղ կա, հրդեհ կա, ենթակառուցվածքների խոչընդոտում կա, թե ոչ: Եղած փաստը պետք է հայտարարվի ընդամենը, երկրորդ դիտարկումը, թե ինչ է լինում, երբ նախագահին են խոչընդոտում»:

Փոխնախարար Հովհաննիսյանն էլ նշեց, որ օրենքի նախագծում ներկայացված առաջարկությունը քաղաքական որոշ դրդապատճառներ ունի, իսկ իրավական տեսակետից թերի է: Նշենք, որ խոսքը վերաբերում է Քննիչ հանձնաժողովի նիստի ընդհատվելուն:  Խոսելով քաղաքական դրդապատճառների մասին, փոխնախարար Հովհաննսիյանն ասաց, թե ինչու է նման առաջարկ ներկայացվել. «Առաջարկը վերաբերում էր բացառապես այն իրադրությանը, երբ ԱԺ-ի կողմից երկրորդ անգամ վարչապետի ընտրություններ տեղի կունենան, և ընտրության օրը փաստորեն կխոչընդոտվի պատգամավորների քվեարկությունն ինչ-ինչ պատճառներով և դրանից հետո կգա այն հետևանքը, որ ԱԺ-ն իրավունքի ուժով կցրվի: Փաստորեն առաջարկը վերաբերում էր նրան, որ կանխվեր այս հնարավորությունը»:  Այնուհետև նա անդրադարձավ իրավական տեսանկյունից առաջարկի թերի լինելուն:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ  նախագծի բնույթն այլևս բացահայտված է. «Այն իր առջև խնդիր է դրել, որ վարչապետի հրաժարականի պարագայում, եթե երկու անգամ անընդմեջ երկու շաբաթվա ընթացքում չընտրվեր վարչապետը, պետք է խորհրդարանը արձակեր, և այս նախագծով խնդիր է դրվում՝ եթե պատգամավորները չեն կարողացել գալ, և ինչ-ինչ պատճառներով նիստը հնարավոր չէ գումարել, ապա նախագահողը հայտարարում է, որ նիստը համարում է ընդհատված, որովհետև կան խոչընդոտներ:  Սրանով փորձ է արվում կասեցնել այն գործընթացը, որ խորհրդարանը պետք է իրավունքի ուժով արձակվի, սակայն նույնիսկ նման նախագծով ձեր առջև դրված խնդիրները չի լուծում, որովհետև սահմանադրական  ժամկետները հստակ են»,-ասաց Մարուքյանը:  Պատգամավորը նաև նշեց, որ իրենք դեմ են նախագծին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ