Հայաստանում քաղաքական իրավիճակի և «Ռոբերտ Քոչարյանի գործի» մասին «Ноев Ковчег» թերթին հարցազրույց է տվել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք թարգմանաբար։
- Վիկտոր Էռնեստովիչ, Հայաստանում բարդ իրավիճակ է ստեղծվել, որը կարող է հանգեցնել քաղաքացիական դիմակայության, Ռուսաստանում այսպես է ընկալվում։ Ձեր կարծիքով որքանո՞վ է իրադարձությունների զարգացման այսպիսի սցենարն իրական։
- Քաղաքացիական դիմակայության մասին խոսելը դեռևս վաղ է, սակայն իրադարձությունների զարգացման այդպիսի տարբերակի նախանշաններ այսօր հնարավոր է տեսնել։
- Ի՞նչ նախանշաններ։
- Այն բանից հետո, երբ նոր իշխանությունները հայտարարեցին «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության մասին, մենք երկրում հակառակ գործընթացն ենք տեսնում։ Այսօր հանրությունում սերն ու հանդուրժողականությունը չէ, որ տարածվում է, այլ ատելությունը և նրանց մերժումը, ովքեր ինչ-որ կերպ չեն ընդունում ներկա իշխանության քաղաքականությունը։
Այս միտումը վտանգավոր է։ Պատմությունից մեզ լավ հայտնի է, թե ինչի է բերում այսպիսի գիծը․ սցենարները մեկը մյուսից վատն են, սակայն հուսով եմ, որ ողջախոհությունը, այդուհանդերձ, կհաղթանակի։ Իշխանությունը և հասարակությունը կհասկանան, որ դա ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում։ Այսօր մեզ «սիրո և հանդուրժողականության» քաղաքականությունն անհրաժեշտ է, ինչպես երբեք։
- Հատուկ ծառայությունների ղեկավարների գաղտնալսման սկանդալից հետո որոշ լրատվամիջոցներ գաղտնալսումը կազմակերպելու հարցում մեղադրեցին Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
- Այդ մասին սկզբից հայտարարեցին ո՛չ ԶԼՄ-ները, ո՛չ էլ քաղաքագետները, այլ իշխանության ներկայացուցիչները։ Համապատասխան ակնարկներ, առաջին հերթին, արեց ինքը՝ վարչապետը, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարը։ Նրանց ենթադրություններն աբսուրդային են, էլ չեմ խոսում մեղադրանքների աբսուրդային լինելու մասին։ Ակնհայտ է, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ նրա շրջապատը մասնակցություն չեն ունեցել գաղտնալսմանը, դա անհնար է նույնիսկ տեխնիկական տեսանկյունից։
Ռոբերտ Քոչարյանի և իր թիմի՝ գաղտնալսմանը մասնակից լինելու մասին վարկածը հորինված է, որպեսզի հասարակությանը շեղեն գլխավոր խնդրից, որն առաջացավ երկու բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցի բովանդակության հրապարակման արդյունքում։ Այն, ըստ էության, հանցավոր է, և դա արձանագրված է Դատախազության հատուկ որոշմամբ և Քննչական կոմիտեի կողմից։ Ակնհայտ են լիազորությունների չարաշահումը, պաշտոնատար անձանց կողմից արդարադատությանը միջամտությունը։ Խորհրդարանում այս հարցով հատուկ հանձնաժողով է ստեղծվել։
Քոչարյանի հասցեին մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված են։ Մենք գործ ունենք գործող վարչապետի կողմից անձնական և քաղաքական վենդետայի դասական օրինակի հետ։ «Քոչարյանի գործի» դատավորն այնքան վախեցած էր՝ ինչ-որ հանձնարարական կատարելով, որ փորձել է դատական նիստն անցկացնել նախ ժամը 22։30-ին, իսկ հետո՝ գիշերը, 1։30-ին, որպեսզի որքան հնարավոր է արագ Հայաստանի երկրորդ նախագահին ուղարկի ճաղավանդակներից այն կողմ։ Միանգամից հասկանալի դարձավ, որ այս ամենի հետևում թաքնված է որոշակի քաղաքական հետաքրքրություն։ Եվ գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը դա հաստատում է։
- Կոնկրետ ի՞նչը։
- Առաջին հերթին, հեռախոսազրույցից հասկանալի է, որ բոլոր գործընթացային հարցերի մասին իրազեկված է եղել վարչապետը, և չի կարելի բացառել, որ նրա կողմից կոնկրետ հրահանգներ են տրվել։
Երկրորդ, բարձրաստիճան պաշտոնյաների զրույցից պարզ է, որ դատավորի վրա ճնշում է գործադրվել, ինչի մասին ասում է հենց Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Ցանկացած այլ երկրում սա կբերեր գործող պաշտոնատար անձանց հրաժարականին։ Հայաստանում պրոպագանդվող ժողովրդավարական ռեժիմի պայմաններում դա ոչ միայն տեղի չունեցավ, այլև հակառակը՝ պաշտոնյաներին հնարավորություն տվեցին այսպես կոչված՝ կոմպրոմատի նոր խմբաքանակ հրապարակել։ Իմ կարծիքով՝ սա սեփական խնդիրները Ռոբերտ Քոչարյանի վրա բարդելու անհաջող փորձ է։
- Այդ գաղտնի զրույցում Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը խոսում է այն մասին, որ չպետք է դիմել ռեպրեսիաների, սրել իրավիճակը։ Տպավորություն ստեղծվո՞ւմ է, որ ուժային կառույցների շարքերում միասնական կարծիք չկա։
-Զրույցում խոսքը վերաբերում էր ոչ թե ընդհանրապես գործերին, այլ նրան, որ «որոշ գործողություններով», պաշտոնյայի ասելով, չնեղացնեն ռուսներին։ Այլ կերպ ասած՝ ամեն ինչ բերում է արտաքին քաղաքականության կարևոր հարցերի կենցաղային պատկերացման։ Ինչ վերաբերում է «ռեպրեսիաներին չդիմելու» խոսքերին, ես դրանք հրապարակված զրույցում չեմ լսել։ Երկու բարձրաստիճան պաշտոնյաների զրույցում ոչ մի տարաձայնություն չկա, լիովին համակարծությունն ակնհայտ է։
- Ի՞նչ եք կարծում, ո՞վ կարող էր իրականում կազմակերպել գաղտնալսումը, գուցե արևմտյան հատուկ ծառայություննե՞րը։
-Հայաստանում որոշները խոսում են գաղտնալսմանն արևմտյան երկրների հատուկ ծառայությունների հնարավոր մասնակցության մասին։ Այդ ենթադրությունները կարելի է անել կենցաղային մակարդակում։ Ես այդպիսի տարբերակների կողմնակից չեմ։ Ամեն դեպքում, դա միայն ենթադրություն է, որը չի հիմնվում ինչ-որ կոնկրետ փաստերի վրա։
-Եթե գաղտնալսում են հատուկ ծառայությունների ղեկավարներին, կարող են գաղտնալսել նաև պետության այլ բարձրաստիճան անձանց, ինչը հղի է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ինֆորմացիայի արտահոսքով ․․․
- Գործող իշխանության խնդիրն է ազգային անվտանգությունն ապահովելը։ Եվ հենց այդ զրույցի գաղտնալսման փաստը վկայում է այն մասին, որ այդ անվտանգությունն ապահովված չէ։ Մենք կարծում ենք, որ երկու պաշտոնյաները պետք է հրաժարական տան։ Սա առաջին, և երկրորդ՝ «մարտի մեկի գործը», որով անցնում է Ռոբերտ Քոչարյանը, պետք է դուրս բերվի Հատուկ քննչական ծառայությունից։
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունն այս փուլում։ Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Մոսկվա հանրապետությունում դրական ընդունվեց։ Ձեր կարծիքով, հավատա՞ց, արդյոք, Ռուսաստանը վարչապետի մտադրությունների անկեղծությանը։
- Այն, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է, և նրա հետ պետք է համապատասխան հարաբերություններ հաստատել, այն, որ այդ հարաբերությունները չպետք է մթագնեն անվստահության նույնիսկ փոքրագույն ստվերով, ամբողջովին ակնհայտ է։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք կար բանաձև, որը, իմ կարծիքով, առավելագույնս հստակ է արտահայտում այս դիրքորոշումը։
-Ի՞նչ բանաձև։
- Դաշնակցի, ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցության մեջ չի կարելի կատարել գործողություններ, որոնք դաշնակիցը կարող է գնահատել որպես տարածաշրջանում իր հետաքրքրությունների սպառնալիք։ Ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, այսպիսի մոտեցումը լիովին արդարացված է։
Որքանո՞վ է այս մոտեցումն այսօր իրականացվում, որքանո՞վ են Մոսկվայում հասկանում հայկական գործող իշխանությանը, որքանո՞վ է վստահելի երկխոսություն կառուցվել և ինչ արդյունքների այն կհանգեցնի, այս հարցերը դեռևս բաց են։ Երկու երկրների հարաբերությունները միայն հավաստիացումներով չեն որոշվում։ Կապրենք՝ կտեսնենք։
-Եկող տարվա գարնանը Հայաստանում պետք է խորհրդարանական ընտրություններ կայանան։ Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական կուսակցությունների շանսերը։
- Այսօր Հայաստանում տեսնում ենք քաղաքական ցնցումային իրավիճակ, որն առաջացել է մի շարք տարբեր գործոններով։ Մասնավորապես, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշության, ընտրությունների անցկացման ժամկետների, խորհրդարանի լուծարման պայմանների հարցերով կոնսենսուսի բացակայությամբ։ Եվ ասել, թե իրադարձություններն ինչ սցենարով կզարգանան, ինչպիսին կլինեն առանձին քաղաքական կուսակցությունների գործողությունները, առավել ևս՝ ժամանակի այդպիսի կտրվածքով, ինձ՝ որպես քաղաքագետի, հնարավոր չի թվում։ Շատ բան կախված է լինելու ներկայիս իշխանության գործունեության գործնական արդյունքներից, հասարակությունում եղած տրամադրություններից։
- Անցնենք Լեռնային Ղարաբաղի հարցին, որը դեռևս չի լուծվել։ Բանակցությունների սեղանին հնչեցին Ղարաբաղը վերադարձնելու առաջարկներ։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։
- Մեդալի երկու կողմ կա․ ամբողջական ձևաչափը եռակողմ բանակցություններն են՝ Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ։ Եվ այլ կարծիք չի կարող լինել։ Միաժամանակ, մենք պետք է ուշադրություն դարձնենք այն փաստին, որ երկար տարիների ընթացքում Ղարաբաղը, թեկուզ և ոչ ուղղակիորեն, սակայն այդ բանակցություններին մասնակցել է։ Նրա հետաքրքրությունները ներկայացրել է Հայաստանի նախագահը, և բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները հասկանում էին, որ քանի դեռ նա ղարաբաղյան կողմի հետ չի համաձայնեցնի այս կամ այն դրույթները, դրանք կհամարվեն չհամաձայնեցված։
Սակայն կա նաև մեդալի երրորդ կողմը՝ այսպես կոչված լեգենդն այն մասին, որ մի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղը հանել է բանակցային գործընթացից։ Դա բացահայտ սուտ է, որը ժամանակին հորինվել է Տեր-Պետրոսյանի կողմից և ողջ այս ընթացքում չափազանցվել ԶԼՄ-ներում։ Ժիրայր Լիպարիտյանի հայտնի հարցազրույցում, որը հրապարակվեց 1997 թվականի հունվարին, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռևս Ղարաբաղում էր և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, նա հայտարարում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ժամանակին սխալ են կատարել, որ համաձայնել են Ադրբեջանի՝ երկկողմ բանակցություններ վարելու առաջարկին։ Ադրբեջանը դա օգտագործել է իր հետաքրքրությունների համար և փորձում է թույլ չտալ Ղարաբաղի վերադարձը բանակցությունների սեղան։ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս բերելու գաղափարի հեղինակը Տեր-Պետրոսյանն է և նրա թիմը։ Սա հայտնի փաստ է։ Լեռնային Ղարաբաղը, չնայած և անուղղակիորեն, նորից սկսեց մասնակցել բանակցային գործընթացին Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանում։
Ղարաբաղն այսօր պետք է վերադառնա բանակցությունների սեղան, սա բխում է մեր ազգային շահից, պատմական ճշմարտությունից։ Բանակցությունների ամբողջական ձևաչափով մոդելն այն մոդելն է, որում Լեռնային Ղարաբաղը ներկա է։ Օպտիմալ տարբերակ կդառնային ԼՂՀ-ի և Ադրբեջանի երկկողմանի բանակցությունները, սակայն այսօր քաղաքական իրողություններն այլ են։
- Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է խաղաղ ճանապարհով ավարտել նոր իշխանությունների և Հայաստանի երկրորդ նախագահի կողմնակիցների հակադրությունը․ ի դեպ՝ երրորդ նախագահի նկատմամբ մենք ոչ մի հակադրություն չենք տեսնում։ Քաղաքացիական կայունության վերականգնումը ողջ ժողովրդի շահերից է բխում։
- Կարծում եմ, որ դա հնարավոր է։ Ազատ արձակվելուց անմիջապես հետո «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն առանց մտածելու դրական պատասխանեց լրագրողի այն հարցին, թե արդյոք նա պատրա՞ստ է օգնել նոր իշխանություններին ղարաբաղյան կարգավորման հարցում։
-Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է առաջին քայլն անել։
- Հայաստանի երկրորդ նախագահի դեմ շինծու քրեական գործ է թխվել, փորձեր են ձեռնարկվում պատմությունը վերաշարադրելու և Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու։ Քաղաքական ասպարեզից իշխանությունը փորձում է հեռացնել մի մարդու, ում դիտարկում է որպես քաղաքական հնարավոր մրցակից։
Չհասցրեց «վառվել» Ռոբերտ Քոչարյանի դեմ սարքված առաջին քրեական գործը, միանգամից հայտնվեց երկրորդը։ Այս անգամ խոսքը «փողերի լվացման» մասին է։ Այն պայմաններում, երբ Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ արհեստականորեն ատելություն է ներարկվում, երբ քննչական ծառայությունը հրապարակում է ինչ-որ ցուցմունքների ինչ-որ հատվածներ՝ ամենափոքր ապացույց անգամ չունենալով, ի՞նչ «առաջին քայլի» մասին կարող է խոսք լինել։ Կարծում եմ, որ այս մթնոլորտում որևէ երկխոսության մասին խոսելն անհնար է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը