26 09 2018

Ո՞վ է ընդդիմություն. ԱԺ-ում չէին կողմնորոշվում

Ո՞վ է ընդդիմություն. ԱԺ-ում չէին կողմնորոշվում

ԱԺ-ում ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում նախագահի տեղակալի ընտրությունն ուղեկցվեց բուռն քննարկումներով։

«Ըստ կանոնակարգ օրենքի՝ ընդդիմության ներկայացուցիչ պետք է լինի տեղակալը և հարց է առաջնում, ո՞վ է ընդդիմությունը ԱԺ-ում այսօր և ըստ այդմ էլ կորոշենք՝ ով է լինելու հանձնաժողովի նախագահի տեղակալ»,-ասաց Կոստանյանը: Այս առաջարկն էլ տարաձայնությունների և քննարկումների առիթ դարձավ։

«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց, որ եթե հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ից է, ապա, ԱԺ կանոնակարգով, տեղակալը պետք է լինի «Ծառուկյան», «Ելք» կամ ՀՅԴ խմբակցություններից: «Ենթադրենք, թե ՀՀԿ-ն ընդդիմություն է ապա, ըստ կանոնակարգի, նորից ստացվում է, որ տեղակալը  պետք է լինի ԱԺ մյուս քաղաքական ուժերից: Ճիշտ կլինի հնարավորություն տալ, որ հենց մեր խմբակցության ներկայացուցիչը լինի հանձնաժողովի նախագահի տեղակալը»,- ասաց նա:

«Ես ուզում եմ հասկանալ` «Ելք» խմբակցությունն ընդդիմադի՞ր է, մենք կարո՞ղ ենք դիտարկել, որ ընդդիմադիր խմբակցություն է, որ դուք էլ առաջարկելու հնարավորություն ունենաք: Իսկ գուցե ՀՀԿ-ն է ընդդիմադիր: Ես իմ կարծիքն ունեմ, բայց ձեզ լսելուց հետո կասեմ»,- արձագանքեց Կոստանյանը:

Իսկ ըստ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի` Հայաստանում ստեղծվել է ոչ սահմանադրական վիճակ, քանի որ դասական իմաստով ընդդիմություն գոյություն չունի: «Տրամաբանական կլինի, որ ՀՀԿ-ն չառաջադրի նախագահի տեղակալ: Ես կառաջարկեմ, որ նախագահի տեղակալ լինի կա'մ ՀՅԴ, կա'մ «Ելք» խմբակցության ներկայացուցիչը»,- ասաց նա:

«Հիմա` «Ծառուկյան» դաշինքը ընդդիմություն չէ՞, պարո'ն Պետրոսյան»,- կատակեց Կոստանյանը, իսկ Պետրոսյանը պատասխանեց, որ  խորհրդարանում ընդդիմադիր են, բայց կառավարության մեջ են, ապա կրկնեց, որ Հայաստանում դասական ընդդիմություն չկա:  

«Ծառուկյան» դաշինքի մեկ այլ պատգամավոր` Սերգեյ Բագրատյանը, նշեց, որ երկրորդ կարծիք լինել չի կարող` կառավարություն կազմող ուժերն իշխանություն են, կառավարությունից դուրս ուժերը` ընդդիմություն: «Տվյալ դեպքում ՀՀԿ-ն ընդդիմություն է: Այլ հարց է, որ նոնսենս է`  ՀՀԿ-ն մեծամասնություն է ԱԺ-ում` լինելով ընդդիմություն: Եվ եթե ՀՀԿ-ն հանձնաժողովի նախագահողն է, ուրեմն պետք է մյուս ուժերից նախագահի տեղակալը լինի, և ես կիսում եմ իմ գործընկերոջ կարծիքը, որ պետք է լինի կա'մ «Ելք», կա'մ ՀՅԴ խմբակցությունից»,- ասաց պատգամավորը:

ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ գործ ունենք դասական իրավիճակի հետ, որը տարածված է սկանդինավյան երկրներում, երբ փոքրամասնությունը կառավարություն է։ «Իրավիճակը ստանդարտ չէ, բայց ոչ իրավական էլ չէ: Կոալիցիոն  հուշագիր չկա ստորագրված, որի արդյունքում որևէ ուժի կառավարող կամ ընդդիմադիր համարենք: Ճիշտ կլինի, որ մենք ընդդիմադիր խմբակցություն համարենք նրանց, ովքեր ԱԺ ընտրման պահից իրենց համարել էին ընդդիմություն: Ազնիվ կլինի, որ «Ելք» խմբակցությունից առաջադրվի նախագահի տեղակալի պաշտոնը»,- առաջարկեց նա:

Կոստանյանն առաջարկեց, որ «Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը լինի հանձնաժողովի նախագահի տեղակալը, քանի որ նա  մասնագիտությամբ իրավաբան է: Չնայած նրան, որ Սիմոնյանը բացակայում էր, նա միաձայն ընտրվեց քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ