Խորհրդարանում մեկնարկած՝ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստին հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն առաջարկեց հստակեցնել այն փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է պահանջեն նախաքննական մարմնից և այն անձանց ցանկը, որոնց պետք է հրավիրել հարցաքննության: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ պետք է ՄԻՊ-ին առաջարկել, որ նա իր ցանկությամբ ներկա լինի, քանի որ քննիչ հանձնաժողովը չի կարող նրան պարտադրել: Նա միաժամանակ ասաց, որ որոշ նիստեր կլինեն դռնփակ, քանի որ քննարկվելու են գաղտնի փաստաթղթեր, և հարցաքննվելու են մարդիկ, ովքեր գաղտնի տեղեկությունների են տիրապետում:
«Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը նշեց, որ պետք է ֆիքսել, որ հանձնաժողովի նպատակը քաղաքական չէ, միևնույն ժամանակ նշելով, որ հանձնաժողովը քննարկման առարկա դարձնի նաև Լևոն Զուրաբյանի ու Վարդան Օսկանյանի գաղտնալսման դեպքը: «Արդյո՞ք այդ հարցը նույնպես չլսենք հանձնաժողովում»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հարցն իր համար միանգամայն ընդունելի է, որպես փաստ, որ տեղի է ունեցել, բայց քվեարկության առարկա դնել դա խնդրահարույց է և առաջարկեց հստակեցնել, թե հանձնաժողովն ում է հրավիրելու հարցաքննության, Կոստանյանն էլ պատասխանեց, որ առնվազն հինգ հոգու հրավիրելու են հարցաքննության, և նշվեց փաստաբան Վահե Գրիգորյանի անունը:
Ռուստամ Մախմուդյանի խոսքով՝ թեև կարգավորման առարկան այս գաղտնալսումն է, բայց չպետք է կենտրոնանալ հենց դրա վրա, և պետք է հնարավորինս բացառել երկրում նման հնարավորությունները:
ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն առաջարկեց՝ կոնկրետ անձանց ցանկ լինի, թե ում պետք է հրավիրեն և նաև առաջարկեց, որ բացի այս նիստերից, նաև աշխատանքային նիստեր անցկացնեն:
ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը նկատեց, որ հարց է առաջանում՝ այս հանձնաժողովի աշխատանքային գաղտնիությունը որքանով է երաշխավորված: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ իրենց խնդիրը կլինի քննարկել, լսել կողմերին և եղած փաստերի հիման վրա որոշում կայացնել, թե պատշաճ վերահսկողություն է իրականացվում այս ուղղությամբ, թե ոչ:
Գևորգ Կոստանյանը նաև նշեց, որ քննարկվում է պահանջվող տեղեկություն ստանալու ձևն ու հրավիրվող անձանց ցանկը: Նրա խոսքով՝ հանձնաժողովն առաջնահերթ է համարում քննել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ-ի պետի հեռախոսազրույցի ձայնագրության հարցը, արդարադատության և մյուս հարցերն արդեն՝ հաջորդաբար:
«Զուգահեռաբար հարցումներ ենք ուղարկելու պետական և ոչ պետական մարմիններին՝ տեղեկություններ տալու, թե հեռախոսային խոսակցություններ լսելու ունակություն ունեցող ինչ սարքավորումներ են ներմուծվել ՀՀ անկախությունից ի վեր, բացի այդ, թե ինչ տեղեկություններ կան, որ որևէ անձ ապօրինի է ներմուծել կամ օգտագործում նման սարքավորումներ»,-ասաց նա: Աշխատակարգի ընդունման հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը