26 09 2018

Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի կայացել օրակարգի սղության պատճառով. Տիգրան Բալայան



Սեպտեմների 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ մի շարք հարցերի՝ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցից մինչև Սիրիա մարդասիրական խումբ ուղարկելը: Ստորև ներկայացնում ենք կարևոր հատվածներ նրա խոսքից:

Հրապարակումներ են արվել, որ Ռուսաստանի փորձագետներին թույլ է տրվել մուտք գործել Հայաստանի տարածքում գտնվող՝ այսպես կոչված ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ: ՀՀ տարածքում ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ որևէ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան, դրանք բացարձակապես հայկական, Հայաստանի իրավասության տակ գործող լաբորատորիաներ են, որտեղ աշխատում են միայն մեր քաղաքացիները:

Ռուս փորձագետներն այցելել են այդ լաբորատորիաներ սկսած 2017 թվականից, և դա բավականին բնական է երկու դաշնակից երկրների համար:

 Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը պետք է լինի բովանդակային: Այդ հանդիպումը չպետք է լինին ինքնանպատակ, զուտ հանդիպելու, լուսանկարվելու առիթ, հադիպումը պետք է լինի բովանդակային: Մեր կողմից նախապայման չի դրվում, մենք պատրաստ ենք հանդիպման, վարչապետը տարբեր առիթներով դրա մասին բարձրաձայնել է, որ ինքը պատրաստ է հանդիպել և բանակցել Հայաստանի անունից Ադրբեջանի ղեկավարի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը սկսի իրականացնել պայմանավորվածությունները: Տասնամյակների դառը փորձ կա, երբ ադրբեջանական կողմը համաձայնում է, ապա հրաժարվում է կատարել համաձայնությունները: Խոսքն առաջին հերթին ապրիլյան ագրեսիայից հետո գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է: Սա միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրումն է և Կասպրշիկի խմբի ընդլայնումը: Մենք բազմիցս ասել ենք, եւ կրկին հայտարարում ենք, որ Ադրբեջանը խոչընդոտում է համաձայնագրերի իրականացումը

Փաշինյան-Թրամփ հանդիպման նպատակադրություն կար և՛ հայկական, և՛ ամերիկյան կողմից, սակայն հանդիպումը տեղի չունեցավ ԱՄՆ ու Հայաստանի ղեկավարների օրակարգերի սղության պատճառով, բայց այս հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցը ՀԱՊԿ-ում դեռ քննարկումների փուլում է: Խորհրդակցությունը տարբեր մակարդակներով` թե երկկողմ, թե բազմակողմ ուղղություններով շարունակվում է:

Ինչ վերաբերում է դիվանագիտական անձնագրերի այս կամ այն անձին տրվելու, չեղակրելու կամ հետ վերադարձնելու հարցին, ապա կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք մեր կոչերից ու հորդորներից հետո չեն վերադարձվել:Չեմ կարող անուններ հրապարակել, թե կոնկրետ ում մոտ են եղել դիվանագիտական անձնագրեր, քանի որ դա կարծեմ, պաշտպանված է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով:

 Մենք չենք կարող դիտորդներ մնալ: Սիրիայում հայկական մշակույթի մեծ ժառանգություն կա եւ համայնք: Ցավոք, 120-140 հազար համայնքից կեսից քիչն է մնացել: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր մշակութային ժառանգությունը և հայրենակիցներին: Հայկական կողմի առաքելությունը Սիրիայում կլինի բացառապես մարդասիրական բնույթի եւ հայկական դրոշի ներքո կկատարվի: Նրանք մարդիկ են եւ բժիշկներ, որոնք հայաբնակ շրջաններում հումանիտար ականազերծում եւ բժշկական օգնություն կցուցաբերեն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ