Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են հանդիպել ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Դուշանբեում։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Պուտինը պաշտոնական այցով մոտ ժամանակներս Երևան կժամանի։ Նա նշել էր, որ Վլադիմիր Պուտինին Երևան է հրավիրել և նրանք «պայմանավորվել են, որ մոտ ապագայում այցը կկայանա»։
Հայաստանի դեսպանը, սակայն, դժվարացել է ասել, թե կոնկրետ երբ տեղի կունենա Վլադիմիր Պուտինի այցը Երևան։ «Դժվար է ասելը։ Տարբեր վարկածներ են առաջ քաշվում։ Այս տարի դեռ երկու երկրների առաջնորդները կհանդիպեն։ Աստանայում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը կլինի, հետո՝ դեկտեմբերին, ԵվրԱզԷս-ի երկրների գագաթնաժողովը։ Այսինքն՝ նրանք հանդիպումներ կունենան»,- լրագրողներին ասել է դեսպանը։
Դեսպանը նաև նշել է, որ հրավերը վերջերս Փաշինյանը փոխանցել է ռուսական կողմին։ «Համենայն դեպս, Դուշանբեում նրանք կհանդիպեն մի քանի օրից»,- հավելել է Տողանյանը։
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի կունենան Դուշանբեում սեպտեմբերի 27-ին։ Փաշինյանը Դուշանբե կուղևորվի հենց Նյու Յորքից, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը