Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ:
Վարչապետ Փաշինյանը Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև սերտ և ամուր համագործակցությունը` ՄԱԿ-ի հռչակած արժեքների պաշտպանության և ամրապնդման գործում: Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը նպաստում է մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու հույս հայտնել, որ այդ ծրագրերը ոչ միայն կկրեն շարունակական բնույթ, այլ նաև կստանան նոր ազդակներ: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում և հավելել, որ ՄԱԿ-ի թիրախային հետագա աջակցությունը Հայաստանին կխթանի և կամրապնդի Հայաստանի զարգացման ներուժը։
Անտոնիո Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա: Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանում իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթացը փայլուն օրինակ է և հույս հայտնել, որ մեր երկիրը կընթանա վերընթաց զարգացման ճանապարհով` իրականացնելով նորանոր բարեփոխումներ տարբեր ուղղություններով:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ և կարևորել այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնք նույնիսկ տեխնիկապես կբացառեն ընտրախախտումների հնարավորությունները: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի կողմից տեխնիկական աջակցության շարունակական անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գլխավոր քարտուղարին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին լիակատար աջակցություն ցուցաբերելու համար:
Կիպրոսի նախագահի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից: Վարչապետն անհրաժեշտ է համարել տնտեսական ոլորտում կապերի խորացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը:
Նիկոս Անաստասիադիսը ջերմորեն է խոսել Հայաստանի և հայ ժողովրդի մասին ու ընդգծել, որ մեծապես կարևորում է երկկողմ գերազանց բարեկամական կապերի հետագա խորացումն ու ընդլայնումը: Հայաստանի վարչապետը և Կիպրոսի նախագահն առևտրատնտեսական կապերի ընդլայնման գործում անհրաժեշտ են համարել բիզնես ֆորումի անցկացումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:
Հայ-կիպրական փոխգործակցության խթանման գործում կողմերը կարևորել են Կիպրոսի հայ համայնքի դերը և համոզմունք հայտնել, որ այն կարող է կամուրջ հանդիսանալ հատկապես տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու հարցում: Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Անաստասիադիսը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և կիպրական խնդրի կարգավորմանն ուղղված հարցեր ու կարևորել խաղաղ բանակցությունների միջոցով հիմնախնդիրների լուծումը: Զրուցակիցներն առանձնակի կարևորել են նաև միջազգային տարբեր հարթակներում համագործակցությունը: Նիկոս Անաստասիադիսը վարչապետ Փաշինյանին հրավիրել է այցելել Կիպրոս իրեն հարմար ժամանակահատվածում:
Ռուանդայի նախագահի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Փոլ Կագամեյը համոզմունք են հայտնել, որ գագաթաժողովը նոր էջ կբացի Հայաստանի ու կազմակերպության անդամ հանդիսացող աֆրիկյան երկրների, այդ թվում` Ռուանդայի հետ հարաբերություններում և կնպաստի համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի որակական նոր մակարդակի բարձրացումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կանցնի բարձր մակարդակով ու կնպաստի կազմակերպության անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի սերտացմանն ու ամրապնդմանը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ գագաթաժողովի շրջանակում անցկացվելու է տնտեսական ֆորում և ռուանդացի գործարարներին հրավիրել այդ միջոցառմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը