Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկվածությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։
«Ամբողջ աշխարհում արժևորում են հուշարձանների նշանակությունն կազմակերպելով տարբեր միջոցառումներ։ Այս ամենին զուգահեռ բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը ամբողջ աշխարհի աչքի առջև ոչնչացնում է մոլորակի մշակութային ժառանգության մաս հանդիսացող քաղաքակրթական արժեքները։ Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։
Միջազգային այս օրը ևս մեկ անգամ ահազանգում ենք, որ Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է համաշխարհային քաղաքակրթություն։ Եթե հստակ քայլեր չձեռնարկվի, ապա մոլորակը կզրկվի բացառիկ մշակութային արժեքներից»,- ահազանգում է ադրբեջանագետ, Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը