Օգոստոսի վերջին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանն ու գրանցվել կադրերի ռեզերվում։ Թե ի՞նչն էր գնդապետ Պողոսյանի՝ աշխատանքից ազատման պատճառը, իրավապահ գերատեսչությունից չմեկնաբանեց՝ նշելով միայն, որ «Ոստիկանությունում կադրային փոփոխություններ հաճախ են լինում, այլ մեկնաբանություններ չկան»։ Այս մասին գրում է 168․am-ը։
Այս լուրն իսկապես առնվազն տարօրինակ էր, հատկապես, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ինքն էլ ավելի խճճեց իրավիճակը՝ Արտակ Պողոսյանի պաշտոնանկությունը բացատրելով այսպես. «Այո, Երևանի ոստիկանապետը նոր էր նշանակվել, ինքը վատ աշխատակից չէ, մեր համակարգի պրոֆեսիոնալ աշխատակիցներից մեկն է, բայց կադրային փոփոխությունները համակարգում միշտ էլ եղել են և կլինեն… Միգուցե բացթողումներ կան այնտեղ: Չենք բացառում, որ նա անցնի մեկ այլ աշխատանքի»։
Բանից պարզվում է, որ Երևանի Կենտրոն համայնքում տեղակայված ժամանցի կենտրոններից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունենում, որի գործող անձանցից մեկը նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ հանրության շրջանում հայտնի Վովայի Արշակի որդին է լինում։ Ըստ Ոստիկանությունում շրջող լուրերի՝ այդ միջադեպին ականատես են լինում նույն բակում ապրող վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ծնողները, և լուրը Աղաջանյան-Փաշինյան-Օսիպյան շղթայով հասնում է Երևանի ոստիկանապետ Արտակ Պողոսյանին, որին էլ հրահանգվում է անմիջապես բերման ենթարկել ու ձերբակալել Վովայի Արշակի որդուն, ինչը և արվում է։
Բայց քանի որ որևէ կողմից ներկայացված բողոք, արձանագրված մարմնական վնասվածքներ չեն լինում, այսինքն՝ կալանավորման հիմքեր, բողոքներ չեն լինում, ոստիկանապետի նախկին թիկնազորի պետի որդուն ազատ են արձակում, ինչն էլ հարուցում է բարձրագույն ղեկավարության զայրույթը։ Եվ այս պարագայում բնական է, որ վերադասի կարգադրությունը մինչև վերջ չկատարած Երևանի ոստիկանապետը պետք է հրաժեշտ տար պաշտոնին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը