Ազգային ժողովի դռները բացելու հարցում սկզբունքորեն խնդիր չեմ տեսնում, բայց կան անվտանգության, աշխատանքի արդյունավետության խնդիրներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Բաղրամյան 26-ի օրինակով բացվելու են Ազգային ժողովի դռները։
«Նիկոլ Փաշինյանի առաջինը չէ, որ հայտարարում է Ազգային ժողովի դռները բացելու մասին, նման առաջարկներ վաղուց հնչել են, քննարկումներ եղել են: Նույնիսկ հեռուստահաղորդումներից մեկում կարծիք եմ արտահայտել, որ ուշ թե շուտ ԱԺ դռները բացվեն, պարզապես այնտեղ կազմակերպչական քննարկման հարցեր կան:
Միևնույն ժամանակ, ԱԺ փոխնախագահը նկատեց, որ խորհրդարանի դռները փակ չեն եղել հասարակության համար: Նրա խոսքով՝ պարբերաբար բաց դռների օր է հայտարարվում և այսօր էլ դպրոցականները, ուսանողները գալիս են նիստերին: «Պարոն Փաշինյանը շատ լավ գիտի սա, երկար տարիներ պատգամավոր է աշխատել: Այնպես չէ, որ ինքը բաց աշխատանքի կողմնակից է, մենք՝ փակ: Մենք դռները չենք փակել, որ ժողովրդից թաքնվենք: Դա զուտ անվտանգության խնդիր է, աշխատանքի արդյունավետության խնդիր է: Բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվեն հատուկ ծառայությունները, մասնագետները»,- ասաց նա:
«Մենք պետք է առաջին հերթին պահպանենք ղեկավարների և պետական աշխատողների անվտանգությունը: Կանգնել ասել՝ իմ ժողովուրդն ինձ ոչ մի բան չի անի, կներեք, այդպես չի լինում: Դա ականջահաճո հայտարարություն է: Ն. Փաշինյանն ասում է՝ Ազգային ժողովի դռները փակ են մնացել, Ազգային ժողովի դռները բաց են արդեն 27 տարի, որովհետև ՀՀ քաղաքացիներն են ընտրում ԱԺ-ում աշխատող պատգամավորներին: Ազգային ժողովի դռները միշտ բաց են և բաց են լինելու հասարակության առջև»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը