20 09 2018

Ամոթը Փաշինյանի քաղաքական թիմինն է. Զոհրաբյանը չի ներելու

Ամոթը Փաշինյանի քաղաքական թիմինն է. Զոհրաբյանը չի ներելու

Մատենադարանի հարակից տարածքում անցկացվող քարոզարշավի ժամանակ Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող թեկնածու Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ-ԻՄ քայլը ուժերի միջև դիմակայությանը:

Նա նախ նշեց, որ ոստիկանություն է ներկայացրել կոնկրետ փաստեր, թե ինչպես են իրեն և իր ընտանիքի անդամներին հայհոյում սոցիալական ցանցերում: Այդ փաստերի մեջ են եղել նաև  «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանի հանդեպ սև քարոզչության փաստեր:

«Ամենագռեհիկ, ամենախուլիգան, փողոցային մուժիկի հայհոյանքներ են հասցրել կանայք, Սփյուռքի նախարարության աշխատակից,  ոմն Անուշ Լալայան, հայհոյանքը չեմ ասի, որովհետև ինձ թույլ չեմ տա վերարտադրել այդ հայհոյանքները: Նրանցից մեկն էլ սպառնացել է` մեր թեկնածուին կամ վարչապետին բան ասացիր՝ փրթիկ–փրթիկ կանեմ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ իրեն հայհոյող  ֆեյքերը համակարգում է ոմն Աշոտ Սարգսյան:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի` ամենասարսափելին այն է, որ ադրբեջանական մամուլն է գրում, թե տեսեք` ինչպես են վերաբերվում մի կնոջ հանդեպ, ով  Ստրասբուրգում և միջազգային կառույցներում պաշտպանում է Արցախի շահը: «Հայհոյանքներ տեղալը մեկ բանի մասին է խոսում, որ իրենք վախեցած են, խուճապի մեջ են։ Ես համարում եմ, որ  սա ամենանողկալի ընտրապայքարն է, որին ես մասնակցել եմ»,–ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այդ փաստին, Զոհրաբյանը նշեց.

«Ուրախ եմ, որ նա  արձագանքել է, կարծում եմ փաստերը, որ այսօր տրամադրել եմ ոստիկանությանը, բավարար կլինեն հարգարժան վարչապետին հասկանալու համար, որ ամոթը իր քաղաքական թիմինն է, ամոթը իր դաշինքի ավագանու անդամներինն է, ովքեր ամենաանբարո, ամենախուլիգան, ամենավիրավորական  հայհոյանքներն են հասցրել ինձ, իմ երեխային, իմ ծնողներին, իմ մահացած հորը: Չեմ ներելու, ամբողջ կյանքս դնելու եմ, որ դուք բոլորդ՝ հատ–հատ, իրավական հարթության մեջ պատասխան տաք դրա համար։ Սա ես դարձնելու եմ իմ կյանքի նպատակը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ