Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն անելու համար հայտնվել էր ճիշտ տեղում և դրսևորել անհրաժեշտ վճռականություն և համառություն, բայց այժմ իրավիճակ է փոխվել, քանի որ մոտիվացված թիմ չունի:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հեղափոխություն իրականացնելու համար «Մերժիր Սերժին» կարգախոսը բավական էր, ինչը միավորել էր մարդկանց մեծամասնությանը: Դրանք տարբեր մշակութաբանություն ու շահեր ունեցող մարդիկ էին, որոնք հոգնել էին երկրի համար որևէ հեռանկար չխոստացող կոռումպացված ու անդեմ իշխանությունից:
Համակարգը քանդելուն տարբեր պատճառներով աջակցել են նաև այն ժամանակվա իշխանության դժգոհ թևերը: Դա գուցե ամենակարևոր գործոններից մեկն էր: Նիկոլը ճիշտ պահին ճիշտ տեղում էր հայտնվել ու դրսևորեց անհրաժեշտ վճռականություն ու համառություն: Հիմա իրավիճակ է փոխվել: Քանդելն ավելի հեշտ է, քան սարքելը: Քանդելու շուրջ մարդիկ կարող են միավորվել, կառուցելու համար պետք է ավելի մոտիվացված թիմ:
Կառուցելու համար պետք է ճարտարապետական նախագիծ, մասնագիտական թիմ, ժամանակացույց, ռեսուրսներ: Դրանցից ոչ մեկը հիմա չկա և չի էլ կանխատեսվում: Եթե չկա, չեն էլ կարող լինել համախոհներ և աջակիցներ, այլ կարող են լինել գործող իշխանության հնարավորությունների սպառողներ, ինչին սխալմամբ թիմ են կոչում: Չկա ոչ մի թիմ, որովհետև չկա նպատակ ու ժամանակացույց:
Իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ և հակահեղափոխության սպառնալիքով մինչև գարուն ինչ-որ կերպ կարող են ձգել, ոչ ավելին: Հեղափոխությանը նպաստած շատ շերտեր, հատկապես պարոն Տրամաբանության ու տիկին Մտքի հետ «դու»-ով շփվողները, հիասթափված են, քանի-որ որևէ տեսանելի ու կանխատեսելի հեռանկար չի գծվել: Իսկ մնացած զանգվածը գարնանը սառնարանների պարունակությամբ է վերաբերմունք արտահայտելու (Քոչարյանն էլ է կարող երբեմն ճիշտ միտք արտահայտել): Սա է իրականությունը, որքան էլ շատերի համար տհաճ լինի այն լսել: Ավելի լավ է այս տեսակետը հիմա լսել, քան գարնանն այն տեսնել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը