Հակաքարոզչության և սև քարոզչության մակարդակն աննախադեպ է, հատկապես սոցիալական ցանցերում, այն ուղղորդվում և խրախուսվում է իշխանական քարոզչական ապարատի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Le Monde ֆրանսիական պարբերականին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լինելու են աննախադեպ ազատ:
Հայաստանյան իրականությանը քիչ թե շատ մարդկանց համար սա, մեղմ ասած, վիճելի կարծիք է:
Ընտրություններին դեռ մեկ շաբաթ կա, բայց ներկայացնեմ այս պահի դրությամբ եղած փաստերի այն շարանը, որն ապացուցում է վարչապետի հայտարարության զրո կապը իրականության հետ:
1. Վարչապետի 100 օրվա պաշտոնավարման միտինգին, որը կազմակերպվել էր պետական բյուջեի միջոցներով, Նիկոլ Փաշինյանը չխորշեց իր թեկնածուի քարոզչությունը անելուց:
2. Քարոզչության մեկնարկի օրը ոստիկանություն բերման ենթարկվեցին ընտրությունների մասնակից ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ կուսակցության երկու անդամներ:
3. ԲՀԿ ցուցակի թեկնածուներից մեկին ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի ցուցումով ներգրավեց «փռեմ ասֆալտին» օպերացիայում եւ հետագայում այդ դրվագը օգտագործվեց հակաքարոզչության նպատակով:
4. Իշխանական դաշինքի թեկնածուն քարոզարշավի մեկնարկին սկիզբ դրեց անհանդուրժողականության եւ ատելության արշավին՝ հասարակությունը բաժանելով սեւ-սպիտակների:
5. Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չդատապարտեց այդ դրվագը, այլ առավել խորացրեց այն՝ զարկ տալով հակաքարոզչության եւ սպառնալիքների նոր տարափին:
6. Վարչապետը, օգտագործելով պաշտոնեական հնարավորությունները, անձամբ ներգրավված է իր թեկնածուի քարոզչության մեջ: Նա փորձեց զուգահեռներ տանել մեր տարիների հետ, դիտավորյալ չբարձրաձայնելով, որ ՏԻՄ ընտրություններին այդպիսի փաստեր չեն եղել մեր կողմից:
7. Եվրոպական կառույցներից դիտորդներ չեն լինելու այս ընտրություններին, ի տարբերություն նախորդների:
8. Գոյություն ունի ակնհայտ անհավասար մեդիա-ծածկույթ իշխանական եւ այլ ուժերի միջեւ, որն առավել արտահայտված է ինտերնետ տիրույթում: Իդեպ, առ այսօր չկա անկախ մեդիա-մոնիտորինգի որեւէ տվյալ:
9. Հակաքարոզչության և սև քարոզչության մակարդակն աննախադեպ է, հատկապես սոցիալական ցանցերում, այն ուղղորդվում եւ խրախուսվում է իշխանական քարոզչական ապարատի կողմից:
10. Այս պահին չկան հանրային բանավեճեր հիմնական թեկնածուների միջեւ: Այս խնդրում ժամանակին մեղադրում էին մեզ, սակայն իրենք շարունակում են համառորեն նույն գործելաոճը դրսեւորել:
11. ԿԸՀ ղեկավարի վրա տեղի է ունեցել փողոցային հարձակում եւ քաշքշոց, ինչի մասին իշխանական մամուլը լռեց:
12. Արդեն հայտնի է, որ ընտրություններին տեղամասերում նախկինում տեղադրված տեսախցիկները չեն լինելու, ինչը ակնհայտ նահանջ է 2017 թվականի ընտրությունների համեմատ:
Իմի բերելով այս փաստերը, արդեն կարող են արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք առաջին իսկ խոշոր ընտրությունները ազատ չեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը