17 09 2018

Հայաստանի իրավիճակը մտահոգում է ոչ միայն Մոսկվային, այլև Վաշինգտոնին․ ռուս քաղաքագետ․ News.am

Հայաստանի իրավիճակը մտահոգում է ոչ միայն Մոսկվային, այլև Վաշինգտոնին․ ռուս քաղաքագետ․ News.am

Մոսկվային մտահոգում է Հայաստանում անկայունության հնարավարությունը։ Այս մասին News.am-ին տված հարցազրույցում կարծիք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Նա նկատեց, որ կան որոշակի մտահոգություններ, սակայն դրա հետ մեկտեղ կան նաև շփումներ ինչպես առաջին դեմքերի, այնպես էլ նախարարների մակարդակով։

Մարկեդոնովը հիշեցրեց, որ մինչև վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը քննադատական էր տրամադրված ՌԴ քաղաքականության, եվրասիական ինտեգրացիայի նախագծի նկատմամբ, բայց երբ դարձավ վարչապետ, սկսեց հայտարարել, որ պատրաստ է հարաբերությունները զարգացնել Մոսկվայի հետ եւ հավատարիմ մնալ նախկին պայմանավորվածություններին։     

Քաղաքագետն ընդգծեց, որ Փաշինյանի նախկին դիրքորոշումը չի կարող չանհանգստացնել Մոսկվային, հենց դրա հետ էլ կապված է Մոսկվայի կողմից որոշակի անվստահությունը․ «Գուցե իսկապես ամեն ինչ հրաշալի լինի՝ ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Երեւանը զարգացնեն հարաբերությունները, սակայն հղկման և ստուգման փուլ պետք է լինի։ Եկել են նոր մարդիկ, նրանք պետք է աշխատանքային կապեր հաստատեն իրենց ռուս գործընկերների հետ, դա նորմալ հաստատված գործընթաց է»,-հայտնեց նա։

Պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք Պուտինի շնորհավորանքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարել որոշակի ազդանշան նոր իշխանություններին, եթե հաշվի առնենք, թե ինչպես է դա արվել՝ Մարկեդոնովը նկատեց, որ «այսօր Մոսկվայում չկա Կոմկուսի կենտկոմը, որ հրամայի ձեռք չտալ և վերջ։ Մոսկվան իր կարծիքն է հայտնում, հասկացնելով, որ դա լավագույն ուղին չէ»։

«Անձամբ իմ կարծիքով՝ այդ հակակոռուպցիոն գործընթացները լավագույն ճանապարհը չէ։ Եթե նույն բանը տեղի ունենար ՌԴ-ում, ես էլի դեմ կլինեի։ Դա լավագույն ճանապարհը չէ, քանի որ մեծ է հաշիվներ մաքրելու, վրեժի ու ընտրովի արդարադատության գայթակղությունը։ Պետք է պատժել կամ բոլորին, կամ  ոչ մեկի»,-ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ ավելի լավ է սկսել զրոյից, ազգային հաշտեցումից, հենց այս օրից, անցյալն էլ չքրքրել։ Սակայն ևս մեկ անգամ կրկնում եմ՝ սա իմ անձնական կարծիքն է։ Քրքրել, իրար խառնել իրավիճակը, երբ որոշակի խնդիրներ կան բիզնեսի համար, կա ներքաղաքական կայունության խնդիր, լավագույն տարբերակը չէ»,-շեշտեց քաղաքագետը։

Հարցին՝ Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններում սառնությունը կարո՞ղ է արդյոք բացասաբար ազդել ղարաբաղյան կարգավորման վրա, նա նշեց, որ անհրաժեշտ է ղարաբաղյան կարգավորման գործընթացն առանձնացնել ՀՀ ներքաղաքական իրավիճակից ու հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ դինամիկայից։

«Իհարկե, նրանք ինչ-որ առումով կապված են, սակայն պետք չէ ամեն ինչ միախառնել։ Այո՛, կան որոշակի քննարկումներ ռուսական լրատվամիջոցներում Մոսկվայի հնարավոր արձագանքի առնչությամբ, սակայն այդ հարցում ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշումը ներկայացված է ԱԳՆ-ի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, ոչ թե ինչ-որ քաղաքագետների սպեկուլյացիաներով»,-ընդգծեց Մարկեդոնովը։

Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արված հայտարարության մասին՝ փորձագետը նշեց, որ դրանք բացառապես ՀՀ ներքաղաքական դինամիկային էին առնչվում․ «Մոսկվան մտահոգություն է հայտնել, խոսել է այն մասին, որ այդ գործընթացները կարող են ներքաղաքական անկայունության հանգեցնել։ Ոչ մի խոսք այն մասին, որ Մոսկվան կարող է փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Ես որեւէ ռացիոնալ պատճառ չեմ տեսնում ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշման փոփոխման համար։ Այն նույնն է, ինչ առաջ էր՝ դա աջակցությունն է կարգավորման հիմնարար սկզբունքներին եւ, ամենից առաջ, հակամարտության կողմերի միջեւ փոխզիջման հասնելն է»։

Հարցին՝ ինչի՞ հետ է կապված հաճախակիացած հայտարարությունները Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու շուրջ, փորձագետը ասաց, որ որեւէ ձեւաչափով Ադրեբջանի ներկայությունը ՀԱՊԿ-ում սեւեռուն գաղափար չէ Մոսկվայի համար։Նա չի կարծում, որ Մոսկվան շահագրգռված է Ադրբեջանի անդամակցությամբ ՀԱՊԿ-ին: «Եթե Ադրբեջանն ադամակցի ՀԱՊԿ-ին, ինչի՞ կվերածվի այդ կազմակերպությունը։ Այն պարզապես կդառնա ԼՂ հակամարտության կարգավորման մինի-մասնաճյուղ եւ վերջ։

Փորձագետը շեշտեց, որ դեռ այդ քայլի առնչությամբ չի տեսել Վաշինգթոնի կողմից բացասական արձագանք․ «Նույնիսկ եթե ԱՄՆ-ն բացասական արձագանքի, ի՞նչ կարող է առաջարկել Երեւանին, որ տապալի Մոսկվայի առաջարկը։ ՆԱՏՕ՞։ ՆԱՏՕ-ին ՀՀ անդամակցության հարցը արդիական չէ դաշինքում Թուրքիայի առկայության պատճառով։ Տնտեսական աջակցությո՞ւն։ Սակայն Ամուլսարի հանքավայրի շուրջ իրավիճակի առնչությամբ արդեն ակնհայտ  է, ասենք, Վաշինգթոնի մտահագությունը։ Ոչ միայն Մոսկվային, այլ նաեւ Վաշինգտոնին մտահոգում է Հայաստանում տիրող իրավիճակը: Սակայն, Վաշինգթոնը, մեծ հաշվով, ոչինչ չունի Հայաստանին առաջարկելու, որ վերջինս, կոպիտ ասած, դադարի Մոսկվայի հետ ընկերություն անել: Հետեւաբար, Սիրիայի համատեքստում ես չեմ կարծում, որ կտրուկ բացասական արձագանք կհետեւի։ Ամեն դեպքում, մինչ այժմ, ըստ այն տվյալների եւ մեկնաբանությունների, որ կան,  ես Վաշինգթոնի կողմից բացասական արձագանք չեմ տեսնում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ