14 09 2018

Մի հեղափոխության պատմություն

Մի հեղափոխության պատմություն

Արտաշես Շահբազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցավ բոլշևիկների հեղափոխությունը: Բոլշևիկներն այդ ժամանակ երկրում փոքրամասնություն էին, 140 միլիոն բնակչության մեջ մոտ 30.000, բայց հաղթեցին և հայտարարեցին, որ այսուհետ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Գլխավոր լոզունգն էր «Ամբողջ իշխանությունը բանվորագյուղացիական խորհուրդներին»:

Բոլշևիկները հայտարարեցին, որ երկրում հաստատվում է ազատություն, ժողովրդավարություն և բոլորի հավասարություն: Դրանից հետո սկսվեց պետական տեռորն ու հալածանքը: Արգելվեցին բոլոր կուսակցությունները և առհասարակ, բոլոր այն գաղափարախոսությունները, որոնք չէին բխում Կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունից: Այլախոհները ոչնչացվեցին և մահվան դատապարտվեցին ճամբարներում:

Ռուսաստանում ոչնչացվեց 30.000 հոգևորական միայն այն բանի համար, որ համարձակվել էին հավատալ ոչ թե Մարքսին ու Լենինին, այլ Աստծուն: Սոցիալիզմի անվան տակ երկրում հաստատվեց պետական տնտեսական մենաշնորհ, անհատ մարդն անգամ չէր կարող ունենալ սեփական գործ՝ օրինակ լիներ ձեռներեց վարսահարդար կամ կոշկակար: Ժողովրդի անունից գործող իշխանությունը կարճ ժամանակում ձեռքում կենտրոնացրեց ողջ իշխանությունը, և յոթանասուն տարի ընտրությունը վերածվեց ֆարսի:

Թեկնածու լինում էր միայն մեկ անձ և 95-ից բարձր տոկոսով վերջինս հաղթում էր՝ անկախ նրանից քանի մարդ էր մասնակցել ընտրություններին: Ժողովուրդը ապրում էր աղքատության մեջ, բայց հայտարարված էր, որ երկրի ողջ հարստությունը պատկանում է նրան: Ժամանակի ընթացքում կուսակցական ընտրախավը ամբողջովին տնօրինեց իշխանությունը ժառանգելու և փոխանցելու, կուսակցական և քաղաքական բուհերում ուսանելու և մյուս իշխանական մենաշնորհները:

Այդ ընթացքում կայսրությունը ետ մնաց աշխարհի քաղաքակրթական և տնտեսական ընթացքից, սկսվեց տնտեսական ու քաղաքական լճացումը, բայց և այնպես հակամարդկային ռեժիմը 70 տարի գոյատևեց, որովհետև մարդկության երբևէ վերապրած ամենահզոր կայսրությունն էր՝ անսահմանափակ բնական պաշարներով և ռազմական ներուժով, իր շուրջը կարողացել էր ձևավորել կոմունիստական դրածո ռեժիմների բլոկը: Երբ մարդիկ ոտքի կանգնեցին և միահամաուռ գոռացին, որ սուտ է, ստի կայսրությունը փլուզվեց կավե փղի պես:

19 միլիոնանոց կոմունիստական կուսակցությունը քայքայվեց ինչպես իր և պետության հիմնադիր Լենինն էր ժամանակին քայքայվել ծանր հիվանդությունից: Ինչ եմ ուզում ասել... խելոքները սովորում են ուրիշների սխալներից, հիմարները՝ սեփական: Էսքան բան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ