ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը 168․am-ի զրուցակիցն է։
-Ի՞նչ կասեք այդ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսակցության ձայնագրության փաստի և բովանդակության վերաբերյալ:
- Առավել ուշագրավ էին, բնականաբար, այն կարգադրությունները, որոնք տվեց Փաշինյանը: ՀՀ նոր իշխանությունները սիրում են «հեղափոխություն» բառը, որի վերաբերյալ ՌԴ-ում հատուկ կարծիք կա, քանի որ նման զարգացումները Ռուսաստանում մշտապես բացասական հետևանքների են հանգեցրել մեր ազգի համար` Ռուսական կայսրությունն ու ԽՍՀՄ-ն են տապալվել հեղափոխությունների հետևանքով:
Հայաստանից լսում ենք հռետորաբանություն, պնդումներ, որ տեղի է ունեցել հեղափոխություն, և ժողովուրդը բաժանվել է երկու խմբի` հեղափոխականներ և հակահեղափոխականներ, մեղավորներ, թշնամիներ և անմեղներ: Այս մոտեցումը լուրջ ռիսկեր է առաջացնելու պետական ինստիտուտների աշխատանքի համար, օրինականության համար, անկայուն և խաղաղ զարգացող երկրի իմիջ ունենալու համար: Կասկածները բուն են դրել նաև Ռուսաստանում հայ բիզնեսնմենների մոտ:
Որքան ես գիտեմ, Փաշինյանի Մոսկվա կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը գործարար համայնքի հետ, որի ընթացքում նման քննարկումներ են ընթացել: Եվ չնայած այդ ամենին, Հայաստանում շարունակվում է «վհուկների որսը»: Իշխանությանը թվում է, թե դա իրենց հեղինակությունը բարձրացնում է, բայց գուցե բարձրացնում է հասարակության շրջանում՝ հասկանալով, որ չունի ՀՀ խորհրդարանի աջակցությունը, կա վախ արտահերթ ընտրություններից, այն սցենարից, երբ իրեն երկու անգամ չընտրեն ԱԺ-ում, և այդ ամենն այլ սցենարով ընթանա` մեկ ուրիշին կընտրեն: Այս մտավախություններից էլ բխում են նրա այն տարբերակները, որոնք առաջարկեց իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի օրը` խորհրդարանը պետք է ինքնալուծարվի, բայց ինչպե՞ս, երբ գործող իշխանությունը չունի խորհրդարանի աջակցությունը:
Ես քաղաքականության մեջ եմ շատ վաղուց` նման դեպքերում խորհրդարանի ինքնալուծարմանը կարելի է հասնել վախեցնելով և այլ միջոցներով, ճնշումներով: Իսկ ինչպե՞ս Հայաստանում ստեղծված այդ մթնոլորտը կանդրադառնա աշխարհում Հայաստանի հարաբերությունների, ԼՂ-ում իրավիճակի վրա: Լինելով Հայաստանի բարեկամը, ես չեմ ցանկանում նման զարգացում Հայաստանում: Այդ մեթոդները չափազանց ռիսկային են:
-Ներքաղաքական զարգացումները բավականին ակտիվ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, որը մեղադրվելով Մարտի 1-ի գործով, հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին, ակտիվ հարցազրույցներով է հանդես գալիս: Հայաստանում շատ են մտավախությունները, թե Քոչարյանը կարող է աջակցություն ստանալ Ռուսաստանից՝ հաշվի առնելով, որ մտահոգություններ կան ներկայիս իշխանությունների քաղաքականության վերաբերյալ: Ի՞նչ կասեք Քոչարյանի քաղաքական ապագայի հնարավորությունների շուրջ:
-Քոչարյանի շանսերը Հայաստանում են, Դուք պետք է պատասխանեք այդ հարցին: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պատմությունից առաջ` հեղափոխությունից առաջ, հեղափոխության օրերին և անմիջապես դրանից հետո Քոչարյանը հեռու էր մնում քաղաքականությունից: Սակայն նրա դեմ մեղադրանքից հետո նա հայտարարեց, որ իրեն այդ մեղադրանքի միջոցով ըստ էության ներքաշեցին ներքաղաքական կյանքի մեջ, ՀՀ երկրորդ նախագահին ձերբակալեցին, ապա կալանավորեցին: Դժվար է նրա հետ չհամաձայնել: Սա նորություն է հայկական քաղաքական կյանքում: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նրան ձերբակալեցի՞ն: Ո՛չ: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ շոկ է, եզրակացությունը մեկն է, դժվար զարգացումներ են սպասվում:
Բնականաբար, Մոսկվան այս ամենը դիտարկում է Հայաստանի ներքաղաքական կոնտեքստում: Ցավալի է, իհարկե, այս ամենը, որ միասնականության փոխարեն՝ առանձնացումներ են տեղի ունենում, բաժանում են ժողովրդին մասերի, որպեսզի ղեկավարեն: Դա նման է այն ամենին, ինչ ժամանակին տեղի ունեցավ Հռոմեական կայսրությունում, սակայն այնտեղ տարբեր ժողովուրդներ էին ապրում: Հայաստանում մեկ ժողովուրդ է ապրում, մեկ ժողովրդի մեջ տարանջատումներ մտցնելու քաղաքականությունը վատ քաղաքականություն է:
-Ինչպե՞ս, ըստ Ձեզ՝ ՌԴ ղեկավարությունը կդիտարկի այս ամենը, թեև սրանք ՀՀ ներքաղաքական զարգացումներ են: Սակայն Ռուսաստանը սովորաբար նման զարգացումներից հետևություններ է անում և հարմարեցնում իր քաղաքականությունը նաև ներքին միտումներին:
- Ռուսաստանի համար ամենակարևորը Հայաստանի նկատմամբ վստահությունը չկորցնելն է: ՀՀ վարչապետը հասկանում է, որ կա նման ռիսկ: Հենց այդ պատճառով էլ ձգտում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաճախակի հանդիպումներ ունենալ, բացատրել այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում: Սակայն մի բան է՝ բացատրել, մեկ այլ բան է՝ գործել: Մի բան է բացատրել ու դրանից օրեր անց նման քայլերի գնալ: Կարծում եմ` վստահության պակաս Մոսկվայում արդեն կա:
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը