Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ այդ հարաբերությունների պոտենցիալը հսկայական է։ Զախարովան հայտնել է, որ Մոսկվան ոգևորությամբ է հետևում Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը, գրում է Sputnik Ադրբեջանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հաղորդել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների կարևորագույն տարրերից մեկը Ռուսաստանի կազմում գտնվող սուբյեկտների համագործակցությունն է Ադրբեջանի հետ։ Ինչպես նշել է Զախարովան, այս պահի դրությամբ Ադրբեջանի և ռուսական տարածաշրջանների ղեկավարությունների միջև գործում է 17 համաձայնագիր, ինչպես նաև պատրաստվում են կնքել մի շարք նոր փաստաթղթեր։
«Ադրբեջանի հետ միջշրջանային կապերի արդյունավետության մասին խոսում են հետևյալ փաստերը․ Բաքվում բացվել են Դաղստանի, Թաթարստանի, «Բաշկիրիայի ավիաուղիներ», «Պերմի ավիաուղիներ», «Պուլկովոյի ավիաուղիներ», «Սամարայի ավիաուղիներ», «Ուրալի ավիաուղիներ» ընկերությունների, Ռուսաստանի որոշ բիզնես կառուցվածքների ներկայացուցչությունները, «Ուրալ», «Թաթարստան» առևտրի տները: Ադրբեջանցի գործարարները ներդրումներ են արել Եսենտուկի քաղաքում հանգստաառողջարանային կենտրոնի կառուցման նախագծում, ինչպես նաև Կրասնոդարում մթերքի արտադրման գործարաններում: Նախագծեր են իրականացվում Կաբարդինո Բալկարիայում, Դաղստանում»,-նշել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ մեկնարկելիք ռուս-ադրբեջանական միջշրջանային համաժողովի շրջանակում քննարկվելու են համագործակցության նոր նախագծերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը