Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման օրակարգին և հարցին, թե ինչո՞ւ է Մոսկվան բանակցում Բաքվի հետ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով անդամակցության մասին:
- Պուտին-Փաշինյան հանդիպումն ի՞նչ օրակարգ է ունենալու: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ քննարկվելու է նաև Ադրբեջանի՝ դիտորդի կարգավիճակով անդամակցության հարցը:
-Բանակցությունների օրակարգն ինձ հայտնի չէ, քանի որ ո՛չ ռուսաստանյան, ո՛չ հայկական կողմերը դրանք չեն հրապարակել: Առաջին մասով՝ հայ-ռուսական խնդիրների մեծ փունջ կա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի մասով Ձեր հարցին, գիտեք՝ վերջերս Սոչիում տեղի ունեցան Պուտին-Ալիև բանակցությունները, որոնք շատ արդյունավետ էին: Գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական, համագործակցության ընդլայնման մասին 16 փաստաթուղթ ստորագրվեց, ինչը ռեկորդային թիվ է: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանն ակնհայտորեն գնում է ՌԴ-ի հետ մերձեցման:Ինչպես գիտեք՝ օրերս ելույթ ունեցավ Սերգեյ Լավրովը, որն իր մտահոգությունը հայտնեց Հայաստանում իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ Խաչատուրովի հայտնի պատմությանը առնչվող:
Ձեզ հայտնի է, որ մեր կողմից սա դիտվում է որպես ՀԱՊԿ հեղինակությանը մեծագույն հարված և գնահատվում որպես Հայաստանի կողմից ընթացակարգերի խախտում: Եվ ասեմ, որ հիմա ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղըզստանի միջև ընթանում են բանակցություններ, որպեսզի ՀԱՊԿ ղեկավարությունը փոխանցվի այբբենական կարգով հաջորդ երկրին՝ Բելառուսին: Ինչո՞ւ, քանի որ Հայաստանի կողմից մի գեներալի՝ մյուսով փոխարինելը չի երաշխավորում, որ վաղը՝ ինչ-ինչ պատճառներով այդ նոր գեներալը նույնպես քրեական հետապնդման չի ենթարկվի: Ինչպես գիտեք՝ հենց այնպես գեներալ չեն դառնում, մարդիկ իրենց պատմություններն են ունենում, իրենց մասնակցությունն են ունեցած լինում ինչ-որ իրադարձությունների: Սա մեր ինչի՞ն է պետք, և միայն նրա համար, որ հայերը գրագետ չեն վարվում: Սա շատ լուրջ խնդիր է, և անհայտ է, թե ինչու Փաշինյանն ու թիմը գնացին սրան: Մանավանդ, որ Փաշինյանն ունի Մնացականյանի նման որակավորված նախարար, որը կարող էր նրան հուշել ընթացակարգերի մասին:
Եվ պարզ է՝ որ կամ Զոհրաբ Մնացականյանը չի կարողացել պաշտպանել իր դիրքորոշումը, կամ ամեն ինչ արվել է առանց նրա: Այդ իսկ պատճառով, հետայսու, ՀԱՊԿ-ը նման հարվածներից զերծ պահելու համար ամենաողջամիտ քայլը կլիներ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանի կողմից Բելառուսին փոխանցելը: Մանավանդ, որ այստեղ խոսքը միայն ՌԴ-ի մասին չէ, այլ մյուս երկրների նախագահների, որոնք այս ամենը նույնպես շատ վատ ընդունեցին:
-Բայց Հայաստանը համաձայն չէ և բազմիցս ասվել է, որ մինչև մեր նախագահության ժամկետ լինելու է ՀՀ ներկայացուցիչ:
-Հասկացեք՝ Հայաստանը խախտել է ընթացակարգերը, որոնք կան, ոչ մի տեղ չեն անհետացել: Եվ սա է մեր բարկության պատճառը, ոչ թե այն, որ Մոսկվան պաշտպանում է Խաչատուրովին:Սա ռազմաքաղաքական դաշինք է: Պատկերացրեք՝ եթե նման բան տեղի ունենար Ստոլտենբերգի հետ կամ վաղը ինչ-որ աղջիկ հայտարարի, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել: Թող նախքան քրեական հետապնդումը փոխեին Խաչատուրովին: Թե չէ Փաշինյանն այս ամենից հետո կանգնում, հայտարարում է, թե իր կարծիքով ճիշտ կլիներ, որ զինվորականների փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը ստանձնեին պետությունների ղեկավարները՝ հերթով: Սա «չայխանա» չէ, նման կառույցներում այդպես չեն վարվում: Մի խոսքով՝ Հայաստանը «պարտվել է» այս հարցում:
Երկրորդ. Ադրբեջանն, այ՛ո, պոտենցիալ կերպով կարող է ներգրավվել ՀԱՊԿ-ում՝ դիտորդի կարգավիճակով: Իհարկե, Հայաստանն ունի վետոյի իրավունք, բայց, եթե խոսքը լիարժեք անդամության մասին է, ոչ թե դիտորդի կարգավիճակի: Եվ իմ տպավորությամբ՝ ՀԱՊԿ-ում փաստաթղթերն այնպես են կազմված, որ Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալը կարող է անցկացվել քվեարկությամբ: Եվ պարզ է, որ ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը կողմ կլինեն: Եվ, ուզեք-չուզեք, Ադրբեջանը սրանով հնարավորություն կունենա ՀԱՊԿ ինչ-ինչ միջոցառումների ներկա լինելու դիտորդի կարգավիճակով: Հետևաբար, արդեն իսկ հնարավորություն կունենա այս կառույցի ներսում Հայաստանի դեմ ինչ-ինչ սահմանափակումներ դնել:
-Բայց չէ՞ որ Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ պաշտոնական որևէ հայտարարություն չի արվել, այլ Մեջլիսի ինչ-որ երկրորդական պաշտոնյա վերլուծություն է արել, թե ինչքան լավ կլիներ, եթե այդպես լիներ:
-Ընթանում է հրապարակային քննարկում: Եվ հարցն անգամ դա չէ, այլ միայն այն փաստը, որ Ադրբեջանը, որը մշտապես դեմ էր արտահայտվում, սկսել է այս մասով «զոնդաժ», արդեն իսկ շատ բաների մասին է խոսում: Եվ այստեղ կա նաև հարցի երկրորդ՝ սկզբունքային կողմը: Այն է՝ ինչո՞ւ է Մոսկվան, այնուամենայնիվ, Բաքվի հետ այս հարցով բանակցություններ վարում: Բանն այն է, որ հիմա Ադրբեջանի համար շատ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել՝ Հայաստանի քաղաքական իշխանությունների թուլացմամբ: Ձեր նոր իշխանությունը թույլ է, ավելին՝ լեգիտիմ չէ, քանի որ Փաշինյանը փողոցի ալիքով է եկել իշխանության, խորհրդարանում չունի մեծամասնություն: Եվ, տեսականորեն, խորհրդարանը ցանկացած պահի նրան կարող է անվստահություն հայտնել:
Հետևաբար, հիմա հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ հետ բանակցել, քանի որ Փաշինյանին, միգուցե, վաղը հեռացնեն: Կամ՝ ինչպե՞ս նրա հետ բանակցել, եթե նա ոչնչացնում է իշխանության ենթակառուցվածքները: Ավելին՝ նա Հայաստանի պետականությունն է ոչնչացնում, ինչը Մոսկվային շատ մեծ անհանգստություն է պատճառում, եթե նկատի ունենանք, որ Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է: Եվ Հայաստան-ՀԱՊԿ փոխհարաբերությունները նախկինում Հարավային Կովկասում շատ բաներ էին կանխորոշում, իսկ հիմա դա չկա: Եվ սա էլ կքննարկվի Պուտին-Փաշինյան բանակցություններում: Մեր կանխատեսումներով՝ սեպտեմբերի 8-ին Պուտին–Փաշինյան բանակցությունները ծայրաստիճան կոշտ են լինելու:
Այն պարզ պատճառով, որ Փաշինյանը ՌԴ իշխանությունների քաղաքական վստահության պաշարը սպառելու եզրին է: Ասեմ, որ առաջին անգամ Սոչիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ մեր նախագահը խնդրեց, որ «դուք՝ ՀՀ նոր իշխանություննե՛ր, զբաղվե՛ք, պատրաստեք ճգնաժամից դուրս գալու ծրագիր, բարեփոխումներ, ներկայացրեք մեզ, կաջակցենք և հիմա անցյալը փորփրելու ժամանակը չէ»: Բայց պարոն Փաշինյանը հենց վերադարձավ Հայաստան, անմիջապես եղավ Քոչարյանի կալանավորումը: Եվ այստեղ էլ կար ընթացակարգի խնդիր, եթե ուզում էին Քոչարյանին «վերցնել», թող նախ փոփոխեին Սահմանադրությունը և դրանից հետո նրա նկատմամբ մեղադրանքներ առաջ քաշեին: Եվ հիմա ընկեր Փաշինյանը ուզում է տպավորություն ստեղծել, թե Մոսկվան միջամտում է Հայաստանի ներքին գործերին, պաշտպանում է Քոչարյանին, Խաչատուրովին: Սա կեղծիք է:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը