Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ «Մարտի 1»-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի: Այս մասին սեպպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Կարևոր է, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում»,- հավելց դեսպանը:
Դիտարկմանը, թե վերջին օրերին Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի վերաբերյալ գնահատականներ են հնչում Ռիչարդ Միլսը պատասխանեց. «Ես տեսել եմ այդ գնահատականները, արձագանքները: Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին»:
Դեսպանն անդրադարձավ հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններին։ Նրա խոսքով՝ ամերիկյան և հայկական բիզնեսի համար գերազանց հնարավորություններ կան միասին աշխատելու համար. «Մենք հավատացած ենք, որ բիզնեսի և առևտրի համար կան իրական հնարավորություններ, որոնք երկուստեք շահավետ են, և մենք քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը՝ շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել. մի սխալ որոշում, մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը