BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է առաջիկա Փաշինյան-Պուտին հանդիպմանը։ Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը սպասվում է սեպտեմբերի 8-ին։
«Այսօր Ինտերֆաքս գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրների վրա, հաղորդեց, որ սեպտեմբերի 8-ին կայանալու է Փաշինյան-Պուտին հանդիպումը: Ավելի վաղ նախապատրաստվող հանդիպման մասին լուրը հաստատել էր Լավրովը: Սպասվող հանդիպման ինտրիգը ու կարևորությունը հենց նրանում է, որ Լավրովը ոչ միայն հաստատել էր, այլև ըստ էության ուրվագծել էր, թե ինչ հարցերի շուրջ են խոսելու հանդիպման ժամանակ ու այդ հարցերը բնավ էլ Փաշինյանի սրտով չեն:
Լավրովի դիվանագիտական պատասխանի «վերծանությունը» պարզ հուշում է այն մասին, որ Փաշիննյանին կանչում են այսպես ասած՝ на ковер ու օրակարգում լինելու է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի չփոխելու ու Հայաստանում թափ հավաքով ռեպրեսսիաների հարցը: Կարելի է երկար վիճել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք ռուսները բավարար հիմքեր ունեն, որպեսզի կասկածեն Փաշինյանին, որ նա պատրաստվում է կտրուկ աշխարհաքաղաքական մանյովրների ու ռուսների գլխից թռնելու, ունե՞ն բավարար հիմքեր համարելու, որ Հայաստանում շարունակվող վենդետտայի ցունամին ոչ միայն ՀՀ ներքին գործն է, այլ նաև հարվածում է ՌԴ շահերին, բայց փաստը այն է, որ Լավրովի պատասխանից այլ բան չի բխում ու Ռուսաստանի դիրքորոշումը հենց այդպիսին է:
Սրա մասին են նկայում նաև բազմաթիվ այլ զարգացումներ, որոնք վրիպում են հանրության ուշադրությունից. պարբերաբար փակվող Լարսը, սառեցված ներդրումները, Քոչարյանին ուղղված շնորհավորական ուղերձը, Քոչարյանի հարցազրույցները ռուսական մեդիաներին... Մի խոսքով, հոգուտ բերածս հիպոթեզի օգտին խոսող փաստերը անթիվ են ու անհամար, իսկ այ այն կեցվածքը, որը որդեգրել են իշխանությունները ու որը խորհրդանշում է այն, որ մենք իբր ոչ մի խնդիր չունենք ռուսների հետ, ոչնչով չի հիմնավորվում, բացի այդ իշխանությունների բանավոր հավաստիացումներից:
Այս ամենի ֆոնին, առավել քան մտահոգիչ էին Նիկոլ Փաշինյանի այսօրվա պարզաբանումները: Փաստացի, կամ Փաշինյանը, ինչպես ինքն էր սիրում կրկնել, չի տիրապետում իրավիճակին, կամ էլ փափուկ բարձ է դնում գլխներիս տակ: Այլ կերպ անհնար է մեկնաբանել այն փաստը, որ Պուտինի շնորհավորանքը, որը զետեղվում է Կրեմլի կայքում, հետո մեկնաբանվում է Պեսկովի կողմից, հետո պտտեցվում է Ռուսաստանի առաջատար մեդիաներով, Փաշինայնը մատուցում է որպես զուտ միջանձնային տիրույթի հարց, իսկ Լավրովի աաաներկբա ակնարկին, որ Հայաստանում իրավիճակը եռում է և իրենք մտահոգություններ ունեն ՀՀ կողմից ստանձնված պարտվորությունների և քաղաքական ձերբակալությունների մասով, պատասխանում է կատակով, թե բա՝ հա, էս վերջերս Հայաստանում շոգ էր:
Նման, կներեք կտրուկությանս հարմար, բայց ինֆանտիլ մեկնաբանությունները Փաշինյանի կողմից ոչ մի լավ բան չեն հուշում: Ես մտավախություն ունեմ, որ նրա այսպիսի ռեակցիան առնվազն անհիմն ու իռացիոնալ բրավադայի դրսևորում է, իսկ առավելագույնը՝ հողի նախապտրաստում նրա, որ ամսի 8-ին Փաշինյանը պատաստվում է անցնել հայ-ռուսական հարաբերությունների ռուբիկոնը ու բաց առճակատման մեջ մտնել Մոսկվայի հետ»,- գրել է Կոնստանտին Տեր-Նակալյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը