ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 4-ին՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ այն դիտարկմանը, թե իրեն մեղադրում են, որ մարտի 1-ի ժամանակ իր թիկնապահները ևս դուրս են եկել ժողովրդի դեմ:
«Ով այդպիսի բան է ասել, նա անբարոյական ընտանիքի մարդ ա, որովհետև Ծառուկյանը ժողովրդի մատից արյուն, փուշ մտնել թույլ չի տա: Դա շանտաժ ա Ծառուկյանի վերաբերյալ: Եթե Ծառուկյանը կապ ունենա Մարտի 1-ի հետ, թող Ծառուկյանին մասսայական հրապարակում հրապարակային գնդակահարեն»,-նշեց Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը պատասխանեց նաև այն հարցին, թե եթե ընտրության առջև կանգնի, ո՞ւմ հետ կհամագործակցի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե Ռոբերտ Քոչարյանի:
«Թող մասնակցի ընտրություններին, կտեսնենք ով ինչ կտանի: Ինչի՞ մասին է խոսքը: Ես ասում եմ՝ էսօր իմ գործընկերների հետ եմ, որի հետ համագործակցում ենք, աշխատում ենք, ուզում ենք մեր ծրագրերն իրականություն դարձնել: Այսօր իշխանության հետ համագործակցում ենք, հարաբերությունները շատ լավ են, ջերմ են: Եթե թիմերում լինելու են որոշակի խոչընդոտներ, մենք դա հարթում ենք։ Ես կընտրեմ ինձ»,-ասաց Ծառուկյանը:
Հնարավոր կոալիցիայի մասին հարցին Ծառուկյանը պատասխանեց․ «Սպասեք, մասնակցենք, տեսնենք, որ կոալիցիա կազմենք: Այսօր ամեն մեկս էլ մասնակցում է, տեսնենք ինչ է լինելու»:
Իր բիզնեսներում սպասվող հնարավոր լայնամասշտաբ ստուգումների հարցին անդրադառնալով՝ Գագիկ Ծառուկյանը նշեց․ «Ծառուկյանի կառույցները ստուգում են արդեն 10 տարի և որևէ անգամ չեն կարողացել որևէ բան գտնել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը