Անվտանգության հարցերով վերլուծաբան Թեոդոր Կարասիկը Ամերիկյան The Daily Caller պարբերականում գրում է
«Երբ 2018թ. հուլիսի 26-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կարգադրեց ձերբակալել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին (1998-2008 թթ.), քայլն անմիջապես ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, թե ինչի էր ձգտում հասնել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վրեժխնդրության համար ձերբակալությունը նաև հարցեր է առաջացնում Հայաստանում օրենքի գերակայության լիարժեքության վերաբերյալ և, հետևաբար, վտանգում է երկրի ներուժը արևմտյան ինտեգրման և տնտեսական ապագայի տեսանկյունից:
Ինչու՞ պետք է Ամերիկային հուզի Փաշինյանի իշխանության տակ գտնվող Հայաստանը և Քոչարյանի հետ կապված այս դրվագը: Քանի որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է Կովկասում կայունությամբ ու խաղաղությամբ և Հայաստանում օրենքի գերակայության լիարժեք վերահսկմամբ:
Ավելին, Միացյալ Նահանգները ավանդաբար պաշտպանում է մարդու իրավունքները, հատկապես այն դեպքերում, երբ մարդու իրավունքների և իրավական նորմերի խախտումները կարող են համակարգային կերպով ապակառուցողական լինել երկրի համար, ինչն էլ հակաքոչարյանական հետապնդման դեպքում է: Հայ ազգայնական շարժման թևերի միջև տասնամյա քաղաքական թշնամանքը կարող է թուլացնել երկիրը՝ հանգեցնելով ոչ խոհեմ որոշումների կայացման, պետական կառույցների էլ ավելի պառակտման:
2008 թ.-ին իր նախագահության ավարտից հետո Քոչարյանը երկրի քաղաքական սպեկտրում մնացել է որպես մրցակից՝ երկրի գլխավոր տեղի համար: Այս քաղաքական դրամայի կենտրոնում Փաշինյանի կառավարության մեղադրանքն է Քոչարյանին՝ 2008թ-ի հետընտրական խռովությունների ընթացքում սահմանադրական կարգի ենթադրաբար խախտման համար:
Այս պատմությունը 2008-ի շրջանից այլ հայտնի անձանց է ներառում՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան (1991-1998) և այն ժամանակվա նրա հակառակորդ, Քոչարյանի հովանավորյալ (այդ ժամանակ վարչապետ) Սերժ Սարգսյան: Տեր-Պետրոսյանի` ընտրակեղծիքների մասին մեղադրանքները Երևանի Ազատության հրապարակում զանգվածային ցույցերի հանգեցրին: Ցուցարարները սկսեցին այրել իրենց տեսադաշտում ամեն ինչ և կրակել ոստիկանության վրա՝ սպանելով երկու սպաների:
Ի պատասխան, ոստիկանները կրակ են բացել, արդյունքում՝ ութ զոհ և տասնյակ վիրավորներ: Կարևորն այն էր, որ այն ժամանակ նախագահ Քոչարյանի հրամանատարության ներքո գտնվող հայկական բանակը չէր մասնակցել առճակատմանը, քանի որ զինվորականները միայն պահպանում էին կառավարական շենքերը և պահեստները: Նախագահ Քոչարյանի աջակցությամբ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի երրորդ նախագահ:
Քոչարյանի թշնամիները վրեժի համար փորձում են նրա դեմ օգտագործել այս ողբերգական դրվագը:
Կարևոր է, որ այս տարի «թավշյա հեղափոխության» արդյունքում վարչապետ դարձած Փաշինյանը վերջին տասնամյակում 2008 թ. դեպքերի հետաքննություն է հրահրում: Պատճա՞ռը: Փաշինյանը երկար տարիներ ծառայել է որպես իր մտերիմ և օգնական:
2008թ. ընտրություններից հետո նա գրեթե 15 ամիս թաքնվեց՝ «խոշտանգումների կազմակերպման» մեղադրանքից խուսափելու համար, հետագայում մոտ երկու տարի ժամկետով բանտարկվեց:
Օգոստոսի 13-ին Հայաստանի Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց, որ նրա կալանավորումը անօրինական է, Քոչարյանը ազատ արձակվեց: Դատարանի որոշումը կյանքի կոչվեց այն բանից հետո, երբ 46 պատգամավոր միջնորդագիր ստորագրեց ՝ կոչ անելով գլխավոր դատախազին գրավի դիմաց ազատել նախկին նախագահին (այստեղ անճշտություն կա, քանի որ ՀՀ վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վճիռ կայացրեց ՀՀ սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով, Y.T):
Այնուամենայնիվ, ՀՔԾ-ն դիմեց Վճռաբեկ դատարան `ձգտելով նախաքննության ընթացքում հասնել ազատազրկման և քրեական դատավճռի` մինչև 15 տարի ժամկետով, ինչն հետագայում մերժվեց (մինչև հիմա):
Քոչարյանի ձերբակալմամբ և հետագայում վերաքննիչ դատարանի կողմից ազատ արձակմամբ ժամանակակից Հայաստանը հայտնվում է շրջադարձային կետում: Այն պետք է ընտրի՝ վերջապես իրավունքը և կարգը, թե՞ անձնական վենդետաները կգերակշռեն:
2008 թվականից սահմանադրական խախտումների կասկածելի մեղադրանքները քողարկում են Փաշինյանի և Քոչարյանի միջև առկա խորը հակամարտությունը: Ոմանք կարող են ասել, որ Փաշինյանի քայլը բնորոշ է երրորդ աշխարհի թիթեղյա բռնապետություններին և արտացոլում է «հաղթողի արդարությունը»: Chatham House-ը, Human Rights Watch-ը և այլ խմբեր քննադատել են նախագահ Քոչարյանի ձերբակալությունն ու նրա դեմ մեղադրանքները:
Պարզ է, եթե Հայաստանը լուրջ է վերաբերում իր՝ արևմտամետ քաղաքականության իրականացմանը՝ ներառյալ ավելի եվրոպական ինտեգրացիային, Երևանը՝ մայրաքաղաքը, պետք է հետևի միջազգային իրավական և մարդու իրավունքների նորմերին, այդ թվում հարգի Եվրոպայի խորհրդի՝ 10 տարի առաջ ընդունած որոշումները, որոնք հաստատել են 2008թ․ ընտրությունների արդյունքները։ Այս միջազգային իրավական կարծիքը կարևոր է Փաշինյանի իշխանության տակ գտնվող Հայաստանի համար:
Փաշինյանի անձնական վենդետտան Հայաստանի երկրորդ նախագահի դեմ վտանգում է անշրջելիորեն վնասել Հայաստանում փխրուն ու թույլ օրենքի գերակայությանը: Դրա շարունակությունը երկարաժամկետ հեռանկարում կվնասի միայն իրեն և Հայաստանին»:
Դոկտոր Թեոդոր Կարասիկը Լեքսինգթոնի ինստիտուտի ոչ ռեզիդենտ ավագ գիտաշխատող է և Եվրոպայում, Եվրասիայում ու Մերձավոր Արևելքում մասնագիտացած ազգային անվտանգության փորձագետ է: Նա աշխատել է RAND կորպորացիայի համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը