30 08 2018

ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման գործուն քայլեր չեն արվել. Աշոտյան

ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման գործուն քայլեր չեն արվել. Աշոտյան

Հայաստան-Եվրամիություն գործընկերության համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողով է վերադարձել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, ով օգոստոսի 30-ին ներկա էր կառավարության նիստին: Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն հանձնաժողովի կազմ են վերադարձրել իր քննադատությունից հետո: «Վարչապետի որոշմամբ ինձ հանել էին ստեղծված հանձնաժողովից, բայց իմ կոնստրուկտիվ քննադատությունից հետո վարչապետի որոշման մեջ փոփոխություն եղավ, ես վերադարձվեցի կազմ»,- նշեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ իրեն լավություն չեն արել, որ ընդգրկել են աշխատանքային խմբում, ոչ էլ ինքն է լավություն արել կառավարությանը: 

Նա կարծիք հայտնեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումն այս կառավարության գերակայություններից մեկը պետք է լինի. «Դեռ մինչև կառավարության ծրագրի հաստատումը ես քաղաքական հայտարարություն եմ արել՝ առաջարկելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացումն ընդգրկել որպես կառավարության ծրագրի մաս: Ցավոք, կառավարությունը ոչ միայն դա չարեց, այլև մինչ այսօր գործուն քայլեր համաձայնագրի իրականացման հետ կապված չեն ձեռնարկվել»,- նշեց Աշոտյանը՝ հիշեցնելով, որ այսօր Հայաստան-ԵՄ համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստն է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ