Օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ռուսական НТВ հեռուստաընկերությանը տված հարցարզույցում տված գնահատականները՝ միայն ասելով, որ համակարծիք չէ այն մոտեցման հետ, որ հեղափոխության պատճառները սահմանադրական փոփոխություններն ու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն էին:
«Պառլամենտական մեծամասնությունը մենք էինք մեր կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, ու պետք է առաջադրեինք թեկնածու։ Ես կասկած չունեմ, որ մեր երկրի անվտանգությունից ելնելով՝ ճիշտ թեկնածու ենք ընտրել։ Եթե չլիներ Սերժ Սարգսյանը, նորից «Հանրապետականը» պետք է թեկնածու առաջադրեր, ու դա էլի պետք է լիներ մեր իշխանությունը։ Ցանկացած թեկնածուի դեպքում իշխանափոխության այս գործընթացը պետք է լիներ»,- ասաց պատգամավորը։
Դիտարկմանը, թե արդյոք ՀՀԿ-ն պատրա՞ստ է Քոչարյանի հետ համագործակցության, Բաղդասարյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն երբեք ոչ մի ուժի հետ չի խուսափել համագործակցել։
«Երբ Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական ուժ կներկայանա քաղաքական դաշտում, այդ ժամանակ դա քննարկման առարկա կդառնա»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարամազանովի խոսքով էլ, Ռոբերտ Քոչարյանի գնահատականները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց համար նորություն չէր:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից երրորդ ժամկետով կառավարելուն, Շարմազանովն ասաց. «Ես այն կարծիքին չեմ, որ Սահմանադրությունը փոխվել է, որպեսզի Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով պաշտոնավարի: Սահմանադրությունը փոխվել է շատ ավելի կարևոր հիմնավորումներով: Սերժ Սարգսյանի առաջադրման պահով էլի եղել են տարբեր կարծիքներ: Ես գտնում եմ, որ ապրիլի 18-ի դրությամբ Սերժ Սարգսյանի այստեղ ընտրվելը բխում էր ՀՀ պետական շահից, քանի որ այն ժամանակվա իրականությամբ ՀՀԿ-ն ընտրություններում ստացել էր քաղաքական մեծամասնություն և ըստ պառլամենտական համակարգի, մենք պետք է որոշեինք, թե ում ենք վստահում վարչապետի պաշտոնը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իրենց թիմում ավելի պատրաստված, ավելի իմաստուն, մարտահրավերներին ավելի լավ դիմակայելու, անվտանգությունը գիտակցելու և Արցախի շահը պաշտպանելու ավելի իմաստուն, փորձառու գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չունեին:
«Հարգանքով վերաբերվելով երկրորդ նախագահի կարծիքին, բնականաբար, չենք կիսում իր դիրքորոշումը: Սա չի նշանակում, որ շատ ու շատ այլ հարցերի վերաբերյալ մենք չենք կարող համագործակցել»:
Նա կարծիք հայտնեց, որ այո, երկրորդ նախագահը ասելիս ու անելիք ունի քաղաքականության մեջ, բայց կոնկրետ սահմանադրական բարեփոխումների և երրորդ ժամկետի հետ կապված իրենք ունեն իրենց կարծիքը, երկրորդ նախագահը, առաջին նախագահը, այլ քաղաքական ուժեր ունեն իրենց կարծիքը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական НТВ հեռուստաընկերությանը տված հարցարզույցում ասել էր, որ Սերժ Սարգսյան ընդհանրապես չպետք է սահմանադրական փոփոխություններ իրականացներ. «Այն ժամանակ հրապարակայնորեն քննադատել եմ այդ բարեփոխումները։ Եվ, իհարկե, նա չպետք է իշխանությունը պահպանելու փորձեր ձեռնարկեր՝ անցնելով վարչապետի աթոռին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը