Հայաստանում հանրության երկփեղկվածությունն աստիճանաբար վտանգավոր գծի է մոտենում: Զավեշտալին այն է, որ դա արվում է երկրի ղեկավարի գիտակցված գործողություններով: Հանրությանը, քաղաքական-վերլուծական դաշտին բաժանելով հեղափոխականների ու հակահեղափոխականների՝ հեղափոխականներին կատաղի պայքարի է հանել:
Բայց ստացվել է այնպես, որ քաղաքացիներիս հեղափոխական հատվածն էլ աստիճանաբար հիասթափվում է հեղափոխության լիդերներից զանազան պատճառներով՝ խոստացածի չկատարում, սին խոստումներ, սոցիալական վիճակի անփոփոխ պատկեր, խոստացած ներդրումների բացակայություն, երիտասարդ ամբիցիոզ բայց անտաղանդ կադրերի կարիերայի սրընթաց աճ, կոռուպցիոն բացահայտումներ, որոնք վերջում պարզվում է՝ բոլորովին էլ բացահայտում չեն կամ առնվազն չափազանցված են: Մարդիկ տեսնում են, որ իշխանափոխությունն իրականում պարզապես երբեմնի ընդդիմության մի շարք անդամների (հաճախ՝ ոչ կոմպետենտ) համար կադրային խնդիր է լուծել: Ընդամենը: Պետական համակարգի որ ոլորտի աշխատակցի էլ հարցնես, նախկին բանիմաց ու պատասխանատու կադրերին փոխարինել են անճարներով, երկիրը դարձել է փորձադաշտ, որի վրա պրակտիկանտներ են սովորում, ձեռքի հետ ել վարի տալիս ոլորտի քիչ թե շատ ձեռքբերումները: Հասկացա՞ք ուր հասանք: Արդեն սկսել են երանի տալ նախկին իշխանությանը: Ընդամենը 100 օր հետո:
Մարդիկ որքան հնարավոր է՝ շոու ներկայացում են տեսնում սելֆիներով, ֆեյսբուքյան լայվերով ու թիվ մեկ հրապարակի ամբիոնից: Տեսարանները շարունակվում են իրար հերթ չտալով: Քանի որ հեղափոխական աճ խոստացող կառավարությունն աճ ահպահովել չի կարողանում, ուստի գլխավոր խնդիրը մնում է հանրությանը հրապարակին, խոստումներին կառչած պահելը:
Ամփոփիչ հանրահավաքը դրա վառ ապացույցն էր: Միայն զգացմունքների ու էմոցիայի թալան:
Նախ սա առաջին դեպքն էր, որ հանրահավաք էր կազմակերպվում կառավարության մակարդակով: Երկրի վարչապետն ուղիղ եթերներով կոչ էր անում հանրապետության տարբեր ծայրերից գալ Երևանի կենտրոն և շուտ գալ, որ տեղ լինի կանգնելու: Ոչ տոնական օր էր, ոչ էլ մեռելոց, բայց աշխատանքային օրով հիմնարկների աշխատանքը տապալվել էր, բոլոր ՔՊ-ական պաշտոնյաները դասալիքի պես շուտ լքել էին աշխատավայրը՝ հանուն հանրահավաքի:
Վերջում ոստիկանությունը հրապարակեց հաշվետվություն՝ 120 հազար մարդ հավաքվել էր Հանրապետության հրապարակում, 30 հազարը՝ հարակից փողոցներում: Ոստիկանապետը չասաց, թե ոնց են հաշվել: Անդրադարձ չկատարվեց հարցին, թե ինչո՞ւ են մոռացել հաշվել կողքի սրճարաններում, բնակելի տարածքներում գտնվող անձանց: Ուշագրավ է, որ նախկինում նույն ոստիկանությունը սովորաբար հանրահավաքների վերջում նշում էր, թե մասնակցել են 3-5 հազար հոգի, այժմ, սակայն, երևի ԱՎԾ-ի տեխնոլոգիայով են հաշվում: Համացանցում այլ աղբյուրների պնդմամբ՝ հանրահավաքին ներկա էր ընդամենը 45 հազար մարդ, որից 15 հարզարն ԲՀԿ-ի կողմնակիցներն էին: Ինչևէ թող լինի 150 հազար, խնդիրը դա չէ, այլ այն, թե այդ 150 հազարին փողոցում պահելու ու անհրաժեշտության դեպքում վերստին փողոց հանելու համար ինչ քայլեր արվեցին:
Վարչապետը հանուն այդ գաղափարի՝ փայլուն իրականացրեց այն, ինչին ինքը իրոք լավ է տիրապետում՝ նույնիսկ չխորշելով կասկածի տակ դնել ելույթում արտահայտած մտքերի օրինականությունը: Բերենք մի շարք հայտարարություններից ընդամենը երեքը, որոնք մեր կարծիքով միայն զգացմունք առաջացնելու և հասարակությանը փողոցում պահելու համար էին:
Հասանք օխլոկրատիայի
«Հայաստանի Հանրապետությունում չկա կոալիցիա, ՀՀ-ում չկա կոալիցիոն իշխանություն, ՀՀ-ում չկա խորհրդարանական մեծամասնություն: ՀՀ-ում կա ժողովուրդ, ՀՀ-ում բարձրագույն իշխանությունը պատկանում է ուղիղ ժողովրդին, և ժողովուրդն իրականացնում է ուղիղ կառավարում: Հենց սրանում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առանցքային իմաստը: Եվ հիմա ուզում եմ ասել, թե դա ինչ է նշանակում. գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձևավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, և սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը»:
Սա ոչ այլ ինչ է, քան ամբոխավարության/օխլոկրատիա/ առաջարկ: Սա, մեր կարծիքով, սահմանադրական կարգի և իրավական պետության քանդման առաջին հաստատուն քայլն է: Պետք է 100 հազար մարդ հավաքվի հրապարակում, 30 հազար էլ հարակից փողոցներում ու մեկ հոգու կոչով որոշի պետության, ժողովրդի ճակատագի՞րը: Այդ դեպքում ինչո՞ւ ենք պահում պետական ինստիտուտները: Իսկ ո՞վ է որոշել, որ այդ 100 հազար հրապարակում հավաքվածները բացառապես եկել էին Նիկոլ Փաշինյանի ասածներին հավանություն տալու: Իսկ ո՞ւր մնացին պարզապես անգործները, հրապարակով անցորդները, որոնք որոշել էին պարզապես ունկնդրել, հակառակ իրենց կամքի հրապարակ բերվածները, զբոսաշրջիկները և այլք: Վստահաբար՝ այդ հայտարարությունը պարզապես հանրությանը հրապարակից կառչած պահելու ժեստ էր:
Մարտի 1 շարունակ շահարկում
«Բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները, և այդ հարցազրույցները լսելով՝ ես կարող եմ ասել հետևյալը, իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է. ըստ էության, մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է, և էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում, չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից, չկա այդպիսի տարբերակ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ընդունեք, որ վարչապետի այս հայտարարությունը միանգամայն տարօրինակ էր: Դեռ գործը նոր է վերաբացվել, դեռ կասկածյալներ, մեղադրյալներ են ներգրավվում, կալանավորում-բաց են թողնվում, երևի թե նոր գաղտնի հանգամանքներ են ի հայտ գալիս, դեռ բոլոր չէ, որ հարցաքննվել են, որևէ բառ չի խոսվել ամենակարևորի՝ 10 սպանությունների բացահայտման մասին, դեռ չկա որևէ դատավճիռ, բայց վարչապետը հայտարարում է, որ ՀՔԾ պետի հարցազրույցները լսելով, բացահայտված է ամբողջ ծավալով: Կամ ուղղակի մեղավորներին նշանակել-պրծել են, մնացածը՝ անմեղության կանխավարկած, օրենքի գերակայություն, սահմանադրություն, հետաքրքիր չէ: Կարծում ենք, այս դեպքում էլ վարչապետի հայտարարությունն էմոցիա գողանալու հերթական դրսևորում էր: Մարտի 1-ը 10 տարվա շահարկված բայց միևնույնն է՝ ժողովրդի, պետության բաց վերքն է, որը վարչապետը փորփրում է արդեն իր նշանակած արդարադատության նորագույն կիրառողների հետ մեկտեղ: Սա առնվազն ազնիվ չէ: Եթե չի ստացվում բացահայտելը, ավելի լավ է հանգիստ թողնեն այդ թեման, քան օգտագործեն որպես կարճաժամկետ քաղաքական դիվիդենտի աղբյուր՝ իրենց գլխին ավելի մեծ խնդիրներ բերելով:
Ռուսաստանի հետ լավ հարաբերության իմիտացիա
Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն բռնել է Ռուսաստանին անխնա սիրաշահելու քաղաքականություն, և դա ևս գերազանցեց հնարավոր չափանիշները: Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին շատ է խոսվում ու հիմնականում խոսում են ռուսական կողմում, հաճախ են հիշատակում Նիկոլ Փաշինյանի խոսքի ու գործի տարբերությունը, հակառուսական կադրերին առաջնայնություն տալը:
Բայց այս ամենը վարչապետի տեսանկյունից այլ է. «Եվ կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են: Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերանսներ չեն լինելու, և մեր քաղաքականությունը, մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է և հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը: 3 ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ-ռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, և այսօր ուզում եմ ասել, որ համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո դուք՝ բոլորդ, կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է երրորդ հանրապետության և Խորհրդային Միության փլուզումից հետո մեր նորանկախ պատմության մեջ: Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել, և դա լինելու է կոնկրետ ապացույցը, որ մենք հետևողականորեն, այո′, գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»:
Ռուսական կողմից որերորդ անգամ հայտարարում են, թե չգիտեն՝ ինչ աննախադեպ ծրագրի մասին է խոսքը: Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ պարզապես արվել է հայտարարություն՝ ժողովրդի անհանգստությունները փարատելու կամ ուղակի դուր գալու համար:
Թե դեռ ինչքան բան կարող է անել Փաշինյանը մարդկանց դուր գալու համար, մարդկային երևակայությունն անսպառ է: Բայց ռեալ աշխատանքի փոխարեն սին խոսքեր հնչեցնելը, հանուն մարդկանց մի մասին դուր գալուն տաքգլուխ հայտարարություն անելը լավ ավարտի չի բերի, լավագույն տարբերակում՝ հենց Փաշինյանին, վատագույն դեպքում՝ Հայաստանին:
Հրապարակին դուր գալը վատ բան չէ: Ընդհակառակը, շատ լավ է: Բայց այն արագությունը, որով հիասթափվածների բանակն է համալրվում, հազիվ թե հնարավոր է կանգնեցնել ավելի անիրականանալի ելույթներով: Այս վիճակը սպառնում է խորանալ, ինչը ժողովրդին կվերադարձնի հին, կոտրած տաշտակին՝ հիասթափության, չլուծված սոցիալական խնդիրների, տնտեսության նոր՝ ավելի ցավոտ անկման:
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը