ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները դիտարկելու համար հրավիրելու է Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը: Նման որոշում է կայացվել այսօր՝ օգոստոսի 27-ին, ԿԸՀ նիստում:
«Սեպտեմբերի 23-ին նշանակված են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: ԿԸՀ-ն ունի իրավասություն միջազգային դիտորդներ հրավիրելու, միաժամանակ ԿԸՀ-ին էր դիմել նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարը, մասնավորապես, նշելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ընթացքում Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու համար վերջինիս հրավեր ուղարկելու միջնորդությամբ դիմել է վարչապետին»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ ԿԸՀ-ն պատրաստել է համապատասխան որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին հրավիրել Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին:
Հանձնաժողովի նիստի հաջորդ երկու հարցերով քննարկվեց ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու և տարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրի հասցեի փոփոխության հարցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը